Արդյո՞ք Եվրասիական տնտեսական միությունը բացառապես տնտեսական նախագիծ է. Դուբնով
«Էխո Մոսկվի»-ի վերլուծաբան Արկադի Դուբնովն իր «Սենսացիա Աստանայում. Հայաստանը կորցնու՞մ է Ղարաբաղը» վերնագրով հոդվածում անդրադարձել է մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությանը եւ դրա հետ կապված իրավիճակին:
«Դժվար է ասել, թե ինչպիսի արձագանք կունենա Աստանայում Սարգսյանին ներկայացված վերջնագիրը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա: Ավելի շուտ, լուրջ ցնցումներ չեն լինի, քանի որ Երեւանի համար, որը դեռ մեկ տարի առաջ հույս ուներ ստորագրել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, բայց արդեն 2013թ. սեպտեմբերին ստիպված էր հայտարարել Մաքսային միությանը միանալու մտադրության մասին, ուկրաինական իրադարձություններից հետո ավելի քիչ տարածություն է մնում դեպի Եվրոպա մանյովրի համար: Դեռ երկու շաբաթ առաջ Հայաստան այցելած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ բանակցությունների ժամանակ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման` Երեւանի շանսերի մասին հնարավոր էր լսել: Հիմա դա էլ է վերջացած:
Հայաստանի համար գերագույն առաջնահերթություն է մնում ռազմական եւ էներգետիկ անվտանգությունը, որի գլխավոր, հնարավոր է` միակ երաշխավորը Ռուսաստանն է: Եւ հազիվ թե կասկածներ լինեն այն առումով, որ հենց Մոսկվան է որոշում ինտեգրացիայի այն անտեսանելի արագությունը, որով Երեւանը ձգտում է անդամակցել սկզբում Մաքսային, հետո` Եվրասիական միությանը:
Ասում են, Եվրասիական տնտեսական միությունը բացառապես տնտեսական նախագիծ է: Այդպե՞ս է, թե՞ ոչ: Ղազախստանի համար` այո: Հայաստանի եւ Ռուսաստանի համար` ոչ: Բելառուսն ու Ղրղզստանն էլ առանձին խոսակցություն են»,-գրել է Դուբնովը: