
Ներկա պայմաններում խոսք չի կարող լինել Հայաստանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրելու մասին. Դավութօղլու

Թուրքական ANKA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ ներկայիս պայմաններում չի կարող խոսք գնալ Հայաստանի հետ ինչ-որ թեմայի շուրջ որևէ փաստաթուղթ ստորագրելու մասին՝ ներառյալ էներգետիկ ոլորտը:
Դավութօղլուն նման կերպ է պատասխանել հիմնական ընդդիմադիր ուժ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուի համապատասխան հարցին:
Դավութօղլուն ընդգծել է, որ «Ադրբեջանի տարածքներից հայկական զորքերի դուրս բերումը» ճանապարհ կհարթի տարածաշրջանային համագործակցության նախագծերում Հայաստանի մասնակցության համար՝ ներառյալ էներգետիկ ոլորտը:
Դավութօղլուն հիշեցրել է, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է 1993 թվականին՝ կապված Քարվաճառի շրջանի գրավման հետ, ինչից հետո վերջ է տրվել Թուրքիայի ու Հայաստանի միջև կատարվող ուղիղ առևտրին.
«Երկու երկրների միջև սահմանի փակվելով՝ վերջ տրվեց ցամաքային/երկաթուղային ու օդային հաղորդակցությանը: Ավելի ուշ վերաբացվեց օդային հաղորդակցությունը, ներկայումս երկու երկրների միջև գործում են չարտերային թռիչքներ:
Ներկայումս Հայաստանը մեր երկրի հետ բեռնափոխադրումներ է իրականացնում երրորդ երկրների միջոցով՝ Վրաստանի ու Իրանի տարանցմամբ: Հայաստանի քաղաքացիների համար մեր սահմանակետերում վիզա է գործում: Մեր երկիրը բեռնարգելք չի կիրառում Հայաստանի նկատմամբ»: