
Վրաստանը ՆԱՏՕ-ի համար բացառիկ հնարավորություն է՝ տարածաշրջանում հաստատվելու համար. Պետրիաշվիլի

Ամերիկյան The Wall Street Journal թերթում հրապարակվել է Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքս Պետրիաշվիլիի հոդվածը: Պետրիաշվիլին գրել է, որ 2008 թվականին Ռուսաստանը ներխուժեց Վրաստան, գրավեց նրա տարածքի 1/5-ը և «մարսեց» դա:
Նախարարը կարծում է, որ Վրաստանին վերապահվեց Մոսկվայի հավակնությունների փորձադաշտ հանդիսանալու կասկածելի պատիվը: Պետրիաշվիլին նշել է, որ Արևմուտքը համաձայնվեց Ռուսաստանի կողմից վրացական տարածքների գրավմանը, որով և Ռուսաստանը ձեռ բերեց համարձակություն՝ հետագա ագրեսիայի համար, ինչն էլ իրականացվեց Ղրիմում.
«Ռուսաստանի հետագա առաջխաղացումը կանխելու համար արևմտյան դաշնակիցները պետք է գործեն վճռականորեն ու ակտիվ գործունեություն ծավալեն Արևելյան Եվրոպայում ու Հարավային Կովկասում: Վրաստանին պետք է թույլատրվի կատարել հաջորդ քայլը՝ դեպի ՆԱՏՕ-ին լիիրավ անդամակցություն:
Եթե այս տարվա սեպտեմբերին Կարդիֆում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Վրաստանին չառաջարկվի անդամակցության ուղի, ապա Թբիլիսին կհիասթափվի: Սակայն Ռուսաստանն ու տարածաշրջանի ոչ մեծ երկրներն ավելի կտրուկ եզրակացություններ կկատարեն դրանից: Դա կդիտարկվի որպես ՆԱՏՕ-ի կողմից թուլության ցուցաբերում և Ռուսաստանի առջև «կանաչ լույսի» վառում՝ հետագա ագրեսիայի համար:
Մյուս կողմից Վրաստանի հետ հարաբերությունների նորացումը ՆԱՏՕ-ին բացառիկ հնարավորություն է տալիս հաստատվել տարածաշրջանում, շահել վստահություն և ցույց տալ դրական օրինակ, որին կարող են հետևել մյուսները»: