Բաժիններ՝

Ամերիկացի օրենսդիրները ՆԱՏՕ-ին խնդրել են Ֆրանսիայից գնել ՌԴ-ի համար կառուցվող ուղղաթիռակիրները

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի օրենսդիրները ՆԱՏՕ-ին խնդրել են գնել կամ վարձակալությամբ վերցնել «Միստրալ» ուղղաթիռակիրները, որոնց Ֆրանսիան կառուցում է Ռուսաստանի համար:

Համապատասխան նամակն ուղղվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին: Դրանում նշված է, որ այդ քայլը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար կհանդիսանա հզոր ազդանշան, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն հանդուրժի կամ թույլատրի նրան ձեռնարկել կտրուկ քայլեր:

Սրանից առաջ Ֆրանսիան հայտարարել էր, որ գործարքը կազմում է 1.66 միլիարդ դոլար և երկրում ստեղծում է մոտ 1000 աշխատատեղ, և որ դրա չեղյալ հայտարարումն ավելի շատ կվնասի Ֆրանսիային, քան՝ Ռուսաստանին: Մայիսի կեսին, սակայն, Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը չբացառեց, որ պայմանագիրը կարող է խզվել՝ հավելելով, որ վերջնական որոշում կընդունվի նոյեմբերին:

«Միստրալ» նավն ունակ է իր վրա կրել 16 ուղղաթիռ, 4 դեսանտանավ, 60 զրահամեքենա, 13 տանկ և մինչև 700 զինծառայող: 2011 թվականին կնքված պայմանագրով նախատեսվում է Ռուսաստանի ռազմածովային ուժերին մատակարարել ֆրանսիական երկու ուղղաթիռակիր: Առաջին նավը՝ «Վլադիվոստոկը», պետք է Ռուսաստանին հատկացվի 2014 թվականի հոկտեմբերին, իսկ երկրորդ նավը՝ «Սևաստոպոլ»՝ 2015 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս