Հայաստանն ու Ղարաբաղը դարձել այն գնդակը, որը պտտվում է «ռուլետկայի» մեջ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 29-ին, իրավամբ կարող ենք համարել Հայաստանում հետտոնական շոկ:

Մայիսի 28-ին Հայաստանի Առաջին հանրապետության, իսկ ըստ էության անկախության տոնը նշող և այդ մասին ճառեր ու կենացներ ասող Հայաստանը մայիսի 29-ին հայտնվեց լրիվ հակառակ փոսում, որտեղ պարզ դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը վաղուց բաց է թողել անկախության գնացքը և այսօր դարձել խաղալիք իրականում ոչ միայն Ռուսաստանի կայսրության, այլ նույնիսկ Ադրբեջանի նման արհեստական խանության ձեռքին, որը Հայաստանի և Ղարաբաղի խաղաքարտերն օգտագործում է Ռուսաստանի հետ իր հարաբերությունները պարզելու համար:

Մինչև հուլիս Հայաստանին ժամանակ են տվել մի բան անելու համար: Սակայն պարզ չէ, թե ինչ պետք է անել՝ պետք է հրաժարվե՞լ Եվրասիական միությունից, թե՞ պետք է անցակետ դնել Հայաստանի ու Ղարաբաղի սահմանին:

Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ սահմանին ոչ մի անցակետ չի լինի: Սակայն դա հայտարարել են ոչ երեկ, այլ ավելի վաղ: Իսկ երեկ Աստանայում Սերժ Սարգսյանը Իլհամ Ալիևի պահանջը լսելուց հետո, որը հնչեցրել է Եվրասիական միությունում Ալիևի դեսպան կամ խոսնակ Նազարբաևը, ոչ մի ձայն չի հանել:

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նույն կերպ չի հայտարարել Աստանայում, որ ոչ մի անցակետ լինել չի կարող: Այսինքն` ինչի՞ տեղ է թողել Սերժ Սարգսյանն իր լռությամբ: Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանն ուղղակի չի իմացել, թե ինչ պետք է ասի:

Այսինքն` նա չգիտե Ալիևի պահանջի պատասխանը, մյուս կողմից` այդ պահանջի պատասխանն, իհարկե, պետք է տան Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը:

Սակայն այս ամենի մեջ Հայաստանի ու Ղարաբաղի հարցն է, այսինքն` Հայաստանն ու Ղարաբաղն են դարձել այն գնդակը, որը պտտվում է «ռուլետկայի» մեջ:

Այն պարբերաբար թափով պտտվում է և Հայաստանն ու Ղարաբաղը պարբերաբար հայտնվում են ինչ-որ մի տեղում, որից շահում են ինչ-որ սուբյեկտներ: Բնականաբար` բացի գնդակից, այսինքն` բացի իրենից` Հայաստանից ու Ղարաբաղից»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս