
Քերին մտահոգություն է հայտնել Դոնբասում չեչեն զինյալների ներկայության կապակցությամբ

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Ուկրաինայի արևելքում օտարազգի զինյալների ծավալած գործունեության կապակցությամբ:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին. «Պետքարտուղարը մտահոգություն է հայտնել այն հաղորդումների կապակցությամբ, որոնց համաձայն, Ռուսաստանից Ուկրաինա են ներթափանցում օտարազգի զինյալներ, հատկապես չեչեններ»:
Քերին Մոսկվային նաև կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի անջատողականներին աջակցելը, դատապարտել նրանց գործողություններն ու կոչ անել վայր դնել զենքը: Քերին ռուսական կողմին կոչ է արել երկխոսել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ՝ ճգնաժամի ապաէսկալացմանը հասնելու համար:
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին իր հերթին մտահոգություն է հայտնել, որ նախկինի նման զինյալների տրամադրության տակ առկա է առաջադեմ սպառազինություն, որի միջոցով նրանք կործանել են ուկրաինական մարտական ուղղաթիռ:
Հիշեցնենք, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն օրեր առաջ հերքել էր Դոնեցկում «չեչենական ստորաբաժանումների առկայության» մասին տեղեկատվությունը: