Թուրքիայի ԱԳՆ-ը մտահոգություն է հայտնել Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների կապակցությամբ
Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Անկարան մտահոգ է Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում մտահոգություն է հայտնվում, որ ընտրությունների արդյունքներով աճում է այն կուսակցությունների ազդեցությունը, որոնք որդեգրել են հականերգաղթային ու եվրոթերահավատային դիրքորոշում:
Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Թուրքիային վաղուց մտահոգում է ողջ աշխարհամասոum նման քաղաքականությանն աջակցելու մեծացումը: Միևնույն ժամանակ Թուրքիայի ԱԳՆ-ը գոհունակություն է հայտնել, որ մի շարք երկրներում ընտրությունների արդյունքներով Եվրախորհրդարան են մուտք գործել թուրքական ծագում ունեցող մի շարք քաղաքական գործիչներ:
Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության գծով գլխավոր բանագնաց Մևլյութ Չավուշօղլուն իր հերթին մտահոգություն է հայտնել Եվրոպայում «ծայրահեղական» քաղաքական կուսակցությունների դիրքերի ամրապնդման կապակցությամբ:
Չավուշօղլուի խոսքերով՝ ընտրությունների արդյունքները վկայեցին, թե ԵՄ-ը «ինչքան շատ ունի» Թուրքիայի կարիքը՝ որպես իր անդամ երկիր, որպեսզի վերջ դնի իր վախերին: Չավուշօղլուն գտնում է, որ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներում կարևոր դեր է խաղացել տնտեսական ճգնաժամը: