Ռոմպեյն ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանը չի կիսում եվրոպական արժեքները
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյն ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանը, հանդիսանալով եվրոպական քաղաքակիրթ երկիր, չի կիսում եվրոպական արժեքները և ապակայունացնում է հարևան երկրներում տիրող իրավիճակը, որոնք ընտրել են Եվրոպային ինտեգրվելու ուղին.
«Ես ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի վարչապետերին, որ նրանք ընդունեցին հրավերն ու տարածաշրջանի համար նման բուռն ժամանակաշրջանում եկան այստեղ՝ Աախեն: Մեր ընդհանուր հարևան Ռուսաստանի կողմից ապակայունացումն անընդունելի է:
Դա առավել վիրավորական է, որովհետև այդ մեծ երկիրը, ըստ էության, ամբողջովին պատկանում է եվրոպական քաղաքակրթությանը, եվրոպական մշակույթին: Առանց Շեքսպիրի կամ Բալզակի չէր լինի Դոստոևսկին, ինչպես որ մենք գիտենք նրան, առանց Գոգոլի չէր լինի Կաֆկին, առանց Տոլստոյի՝ Թոմաս Մանը»:
Ռոմպեյը հիշեցրել է, որ ԵՄ-ը մայրցամաքի բնակիչներին խոստացել է երեք գլխավոր արժեք՝ խաղաղություն ու ժողովրդավարություն, բարգավաճում ու համերաշխություն, քաղաքակիրթ ու ինքնիշխան կյանք՝ որպես ազգ: