
ԵՄ-ն շարունակում է մնալ ՀՀ հիմնական գործընկերներից մեկը. Փոխարտգործնախարար

«Սա իմ առաջին աշխատանքային օրն է ԱԳՆ-ում և առավել պատասխանատվություն եմ զգում Ձեր առջև ԵՄ հետ համագործակցության մասին խոսել: ԵՄ-ն շարունակում է մնալ ՀՀ հիմնական գործընկերներից մեկը: Վիլնյուսյան գագաթնաժողովում նախանշվել են մի շարք նպատակներ, որոնց հիման վրա կիրականացվի համագործակցությունը բոլոր ոլորտներում»,- այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ԱԳ նորանշանակ փոխնախարար Կարեն Նազարյանը:
Ըստ նրա՝ ՀՀ-ն և ԵՄ-ն համաձայնել են հարաբերությունները կարգավարող իրավական նոր հիմքերի ստեղծման շուրջ և ՀՀ-ն պատրաստակամ է առաջ մղել ԵՄ հետ փոխգործակցությունը կառուցվածքային բարեփոխումների, ժողովրդավարության, մարդու իրավունքների և այլ ոլորտներում:
«Այս պահին որևէ վակուում գոյություն չունի ՀՀ-ԵՄ հարաբերություններում»,- հավաստեց փոխնախարարը՝ նշելով, որ Բրյուսելում հունիսի 10-ին հանդիպում է նախատեսված:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին՝ արդյոք ԵՄ հետ մուտքի ռեժիմի դյուրինացումը արտագաղթի ալիքը չի՞ մեծացնի, Կ.Նազարյանը պատասխանեց. «Շենգենյան գոտի է նախատեսվում ՀՀ մի շարք կատեգորիաների քաղաքացիների համար: Կանոնակարգելով այս բնագավառը՝ մեզ ավելի դյուրին կլինի կանոնակարգել անկանոն միգրացիոն հոսքեը: Դրա համար կան գործիքներ՝ ռեադմիսիայի և այլ, որ թույլ չտանք անկանոն միգրացիոն հոսանքները, ինչը կարող է խնդիր առաջացնել արտագաղթի առումով»: