Վրաստանն ապացուցել է եվրոպական ուղուն իր հավատարիմ գտնվելը. Գարիբաշվիլի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը ժողովրդավարական բարեփոխումների միջոցով ապացուցել է եվրոպական ուղուն իր հավատարմությունը, եվրոպական նորմերին ու չափորոշիչներին իր ձգտումը:
Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի ու Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին: Նա այդ հայտարարությունն արել է Բեռլինում, ուր մեկնել է Մերկելի հրավերով:
Մերկելը երեկ երեկոյան պաշտոնական ընթրիք է տվել, որին մասնակցելու հրավերներ են ստացել Մոլդովայի, Վրաստանի ու Ուկրաինայի վարչապետերը: Գարիբաշվիլին հայտարարել է, որ իրենք անշեղորեն հետևում են եվրաինտեգրման կուրսին, ինչը հանդիսանում է իրենց երկրի ներքին ու արտաքին քաղաքականության անկյունաքարը.
«Վրաստանի եվրոպական ընտրությունը պայմանավորված է Վրաստանի բնակչության բացարձակ մեծամասնության և քաղաքական բոլոր հիմնական ուժերի աջակցությամբ: 5 տարի առաջ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը նոր հնարավորություններ բացեց ԵՄ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու համար:
Վերջին երկու տարում Վրաստանն ապացուցեց, որ ունի կառուցողական ու կանխատեսելի կառավարությունը: Մենք կառուցողական երկխոսության քաղաքականություն ենք վարում մեր հարևանների և ոչ հարևանների հետ ու հաստատում ենք իդեալական հավասարակշռություն»: