Վոլինկին. Շատերը պնդում են՝ ռուսերենը Հայաստանում վերացել է, սակայն ես այդ կարծիքին չեմ. այն շարունակում է լինել պահանջված

Այսօր Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էր Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը՝ բուհի ռեկտորի, պրոռեկտորների, ռուսական բաժնի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ քննարկելու հանրապետությունում ռուսերենի դասավանդման հիմնախնդիրները, ինչպես նաև ուրվագծելու համագործակցության նոր եզրեր:

Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ներկայացրեց համալսարանում ռուսաց լեզվի եւ գրականության ամբիոնի գործունեությունը՝ ընդգծելով, որ ռուսերենը ոչ միայն մասնագիտական, այլև պարտադիր առարկա է բոլոր մասնագիտությունների համար.

«Ի թիվս ռուսական բաժիններ ունեցող այլ համալսարանների՝ Մանկավարժական համալսարանն ունի մի առանձնահատկություն. առկա և հեռակա բաժինների դիմորդների հիմնական մասը Հայաստանի մարզերից են և ուսումն ավարտելուց հետո նրանք վերադառնում են մարզեր և ձեռնամուխ լինում ռոսերենի դասավանդմանն ու տարածմանը»:

Իվան Վոլինկինը կարևորեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպումը.

«Ներկա ժամանակներում շատ կարևոր է երիտասարդներին փոխանցել հայ և ռուս ժողովուրդների միջև եղած դարավոր բարեկամական հարաբերությունները:

Շատերը պնդում են՝ ռուսերենը Հայաստանում վերացել է, սակայն ես այդ կարծիքին չեմ. այն շարունակում է լինել պահանջված»,-նշեց դեսպանը՝ վստահեցնելով, որ իր աշխատանքային գերակա ուղղություններից մեկն էլ հենց դա է՝ փնտրել և գտնել համագործակցության նոր եզրեր ու ծրագրեր:

Volinkin01Հանդիպման ընթացքում դասախոսները դեսպանին ներկայացրին ոլորտում առկա խնդիրները և առաջարկեցին լուծման իրենց տարբերակները. մասնավորապես, Հայաստանում հիմնել ռոսական բազային դպրոց, համատեղ մշակել ուսանողների փոխանակման ծրագրեր, ստեղծել ռուսական գրական ստեղծագործությունների էլեկտրոնային տարբերակները և այլն:

Հանդիպման ավարտին ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը շնորհավորեց ներկաներին Մայիսի 28-ի՝ Հայաստանի Առաջին հանրապետության տոնի առթիվ և բարեմաղթանքների հետ մեկտեղ հույս հայտնեց, որ Մանկավարժական համալսարանի ռուսական բաժնի շրջանավարտներն իրենց ապագան պատկերացնում են ռուսաց լեզվի և գրականության դասավանդման խորն ու համապարփակ ըմբռնմամբ:
ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը դեսպանին շնորհեց «Մանկավարժական համալսարան» մեդալ՝ ի նշան հարգանքի և բուհում ռուսաց լեզվի եւ գրականության ուսումնասիրման, ռուսերենի ուսուցիչների պատրաստման կարևորության:

 

 

Տեսանյութեր

Լրահոս