Վադիմ Դուբնով. Դժվար թե Եվրասիական միությունն արժանանա Խորհրդային միության ճակատագրին
Այն, որ Հայաստանի ղեկավարությունը մտադիր է Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը ստորագրել մինչև 2014 թ. հունիսի 15-ը, արդյո՞ք նշանակում է, որ Հայաստանը չի դառնալու միության հիմնադիր անդամ: Իշխող Հանրապետական կուսկցության ներկայացուցիչները նախկինում հայտարարում էին, որ Հայաստանը կդառնա միության հիմնադիր անդամ:
Իսկ ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով այս հարցին, կարծիք հայտնեց, որ Հայաստանը չի դառնա Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ, քանի որ Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարության մեջ խոսքը այդ միությանը միանալո´ւ մասին էր:
Մյուս կողմից` քաղաքագետը նշեց, թե չգիտի` ընդհանրապես որքանո՞վ է հետագայում կարևոր լինելու Եվրասիական միության անդամ լինել կամ չլինելը:
«Ես չգիտեմ, թե հետագայում որքանով է կարևոր լինելու հիմնադիր անդամ լինելը կամ չլինելը, որովհետև դժվար թե Եվրասիական միությունն արժանանա Խորհրդային միության ճակատագրին, որը փլուզեցին նրա հիմնադիրները (այս հանգամանքը շատ կարևոր է): Եվրասիական միությունը պարզապես չի ապրի մինչ այդ օրը»,- ասաց Վադիմ Դուբնովը:
Ըստ նրա` չի բացառվում, որ Հայաստանի կողմից պայմանագրի ստորագրումն ինչ-որ պատճառով ձգձգվի, թեև, մյուս կողմից՝ «Սերժ Սարգսյանը լավ գիտի օրացույցը, և եթե նա հունիսի 15-ն է նշում` որպես ստորագրման ժամկետ, ապա հավանականությունը շատ մեծ է»:
«Ըստ երևույթին, այդ նախագծին Հայաստանի մասնակցության հարցում կա ինչ-որ բանաձև, և հիմա անհրաժեշտ է ինչ-որ կերպ համոզել Լուկաշենկոյին և Նազարբաևին, որպեսզի համաձայնություն տան այդ բանաձին: Լուկաշենկոն երեկ իր գինը սահմանեց, այսինքն` բարձրացրեց խաղադրույքները: Ինձ թվում է` Նազարբաևն էլ ինչ-որ պայմաններ կդնի, բայց դրանք շատ սկզբունքային բնույթ չեն ունենա: Այնպես որ, հարցն առաջին հերթին կապված է Լուկաշենկոյի հետ, և չի բացառվում, որ այժմ ինչ-որ աշխատանքներ են տարվում Բաքվի հետ: Կարծում եմ` խնդիրը գլխավորապես կապված է Լեռնային Ղարաբաղի հետ»,- ավելացրեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ այսօր` մայիսի 29-ին, Մաքսային միության երեք անդամ պետությունների` Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները Աստանայում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստին ստորագրել են ավելի լայն ինտեգրացիոն կառույցի` Եվրասիական տնտեսական միության հիմնադրման վերաբերյալ պայմանագիրը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով նույնպես մասնակցում էր գագաթաժողովին, իր հերթին Մաքսային միության պետությունների ղեկավարներին շնորհավորելով Եվրասիական տնտեսական միության ստեղծման կարևոր սահմանագծին հասնելու կապակցությամբ, առաջարկել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության միանալու պայմանագրի ստորագրման ժամկետ հաստատել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը: