ԼՂՀ ԱԺ խումբ-խմբակցությունների հայտարարությունը
ԼՂՀ ազգային ժողովի այսօրվա լիագումար նիստում պատգամավոր Վահրամ Աթանեսյանը ներկայացրեց խումբ-խմբակցությունների հայտարարությունը՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի կողմից ԼՂՀ-ին սատարող բանաձեւի մասին։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
«Մայիսի 8-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմինը գրեթե միաձայն ընդունել է բանաձեւ, որով հավանություն է տվել եւ աջակցել ԼՂՀ ազատ եւ անկախ պետություն կառուցելու շարունակական ջանքերին, ինչպես նաեւ կոչ է արել ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավար անկախությանը եւ նրա կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված ռազմավարական կարեւորություն ունեցող մեր տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար եւ երկարատեւ լուծմանը։
Կարեւորելով բանաձեւը, որպես աջակցություն իր պատմական հայրենիքում ինքնիշխան ժողովրդավարական պետություն կառուցելու արցախահայության իրավունքին, մենք երախտագիտություն ենք հայտնում բանաձեւի հեղինակներին, Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի անդամներին։
Մենք նաեւ բարձր ենք գնահատում բանաձեւում արձանագրված շեշտադրումը՝ Հարավային Կովկասում տեւական խաղաղություն հաստատելու գործում ԼՂՀ պարտադիր ներգարվվածության մասին եւ համարում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքներն այսուհետ պետք է նպատակաուղղված լինեն համապարփակ կարգավորման գործընթացին ԼՂՀ օրինական եւ լիարժեք մասնակցության ապահովմանը։
ԼՂՀ անկախությունը հետխորհրդային տարածքում ոչ միայն պատմական, այլեւ աշխարհաքաղաքական անբեկանելի իրողություն է, որի միջազգային ճանաչումը Հարավային Կովկասում արդարացի եւ տեւական խաղաղության ու ժողովուրդների միջեւ համագործակցության հաստատման նախապայման է։
Մենք հուսով ենք, որ Միացյալ նահագների Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի բանաձեւն իր արդյունավետ ազդեցություն կունենա Հարավային կովկասում Միացյալ նահանգների կառավարության քաղաքականության առաջնահերթությունների վերանայման եւ նոր շեշտադրումների որդեգրման գործընթացին»։
karabakh-open.info