Ինչո՞ւ է ընդդիմության համար հաճելի եղել Հովիկ Աբրահամյանի հետ շփվելը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջերս հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում անձամբ բացահայտեց, որ ինքն անմիջական կապ է ունեցել Տիգրան Սարգսյանի հրաժարականի հետ:

Ճիշտ է, մինչ այդ էլ ակնհայտ էր, որ նա այդ գործում մեծ դերակատարություն է ունեցել, բայց ինքնախոստովանանք, թեկուզ անուղղակի կերպով, չէր եղել:

Նա այնքան մանրամասնորեն էր նկարագրում նախկին վարչապետի հրաժարականին հասնելու ճանապարհներն ու պատճառները, որ այլ բան չէր մնում մտածել, քան այն, որ այդ գործընթացները պլանավորելու մեջ եղել է նաև իր հզոր և անմիջական դերակատարությունը:

Նորանշանակ վարչապետը որպես Տ. Սարգսյանի հրաժարականի հիմնական պատճառ նշում էր 2009թ. Հայաստանում գրանցված մոտ 14 տոկոս տնտեսական անկումը և հետագա տարիներին այդ ուղղությամբ հաջողություններ չգրանցելը: Հ. Աբրահամյանը մեծահոգաբար նաև ավելացնում է, որ օրենսդիր մարմինը կառավարությանը աջակցեց, սակայն գործադիրն այդպես էլ չկարողացավ տնտեսությունը վատ վիճակից հանել:

Հ. Աբրահամյանը, սակայն, չի բացահայտում, որ 2009 թվականին տնտեսական այդպիսի մեծ անկում գրանցվեց կամ 14,4 տոկոս թիվը գոյացավ այն բանի պատճառով, որ իշխանությունները որոշել էին ինչ-որ կերպ պայթեցնել կամ չեզոքացնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք մի քանի տարի շարունակ գրանցված երկնիշ տնտեսական աճի փուչիկը:

Եվ ահա, «Ժամանակ»-ի տեղեկություններով` 2008-2009թթ. իշխանությունները որոշել են մեր տնտեսության այդ տարիների «առաջանցիկ զարգացումը» բերել իրական վիճակի, որպեսզի հետագայում ավելի մեծ խնդիրներ չծագեն:

Չէ՞ որ ոչ իրական հիմքի վրա երկար տարիներ հնարավոր չի լինի տնտեսական զարգացում ցույց տալ, այն հնարավորինս պետք է իրատեսական տվյալների վրա հիմնված լինի: Իշխանությունները այդ երկնիշ աճը նկարող Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանին հանձնարարել են կարգավորել թվերը: Ու քանի որ վերջինս միշտ վերևից իջեցրած հանձնարարությունները տառացիորեն է ընկալում ու կատարում, տնտեսական ցուցանիշներն այնպես է կարգավորել, որ նման մեծ անկում է գրանցվել:

ՀՀԿ-ականները նաև հումորով պատմում են, որ մինչև իշխանություններն ու նույն Ս. Մնացականյանը հասկանում են, թե ինչ են արել, արդեն ուշ է եղել և չեն կարողացել ավելի ցածր անկում գրանցել: Այս մասին Հ. Աբրահամյանը քաջ գիտի, սակայն իրեն ձեռնտու չէ դա բարձրաձայնել, արդյունքում Ռ. Քոչարյանին նեղացնել կամ ինչ-որ կերպ Տ. Սարգսյանին արդարացնել:

Այնուհետև Հ. Աբրահամյանը շարունակում է, որ 2013թ. վերջին 2014-ի սկզբին խոսակցությունները գնում էին, որ կարող է փոփոխություն լինի, և ընդդիմությունը պատրաստվում էր վարչապետին անվստահություն հայտնել:

«Ճնշումների մեջ կային հիմնավորումներ, որ այս ծրագիրը չի իրականացվել, այս պայմանավորվածությունը չի իրականացվել, կապում էին կարծես թե վարչապետի անձի հետ»,- ասում է Հ. Աբրահամյանը: Սրանք ոչ այլ ինչ են, քան ընդդիմության միջոցով Տ. Սարգսյանի նկատմամբ ճնշումները պլանավորող մարդու խոսքեր, ինչը Հ. Աբրահամյանը չկարողացավ թաքցնել:

Ոչ իշխանական քառյակը տուրք տալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հզորությանը՝ մոտ կես տարի իր ողջ գործունեությունը պայմանավորեց կառավարության հրաժարականի պահանջի շրջանակներում: Եվ ի սկզբանե էլ ակնհայտ էր, որ այդ գործընթացները զարգացվում էին Հ. Աբրահամյանին վարչապետ դարձնելու համար, ինչը ի վերջո տեղի ունեցավ: Ինչ վերաբերում է ընդդիմությանը կամ ոչ իշխանական ուժերին, Հ. Աբրահամյանը հատուկ ընդգծում է, որ նրանց համար հաճելի է եղել իր հետ շփվելը: «Շատ համերաշխ էին մեր հարաբերությունները ընդդիմության հետ, ես փորձում էին նրանց հետ հաշվի նստել»,- ասում է Հ. Աբրահամյանն ու ավելացնում, թե շատ է կարևորում քառյակի գոյությունը»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս