
Մեկնարկել են Թուրքիայի զինված ուժերի Efes-2014 մասշտաբային զորավարժությունները

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ մեկնարկել են Թուրքիայի զինված ուժերի Efes-2014 զորավարժությունները: Դրանք անցկացվում են Էգեյան բանակի հրամանատարության գոտում՝ Իզմիրի ծովածոցում, Էգեյան ծովի կենտրոնական հատվածում ու Արևմտյան Անատոլիայում:
Զորավարժությունների առաջին օրը դրանց ներկա են գտնվել Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելն ու պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը: Զորավարժություններում ներգրավված է 50 ինքնաթիռ, 40 նավ, 70 մոտորանավակ, 40 ուղղաթիռ, 60 տանկ, 100 միավոր հրետանի, 1100 միավոր անիվային ու թրթուրավոր տրանսպորտային միջոց:
Զորավարժությունները տևելու են մինչև հունիսի 5-ը: Դրանց մասնակցում է 8500 զինծառայող: