Հովհաննես Մանուկյանը շրջայց է կատարել
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր լրագրողների հետ շրջայց կատարեց Արագածոտնի մարզի Կարբի գյուղում գտնվող «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի նորակառույց շենքում, ծանոթացավ ինստիտուտի պայմաններին:
Նախարարը ներկաներին շնորհավորեց Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ և նշեց, որ նման միջոցառումներին լրագրողների մասնակցությունը և հանրության համար դրանց լուսաբանումը կնպաստի նախարարության գործունեության թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը՝ զարգացնելով հասարակություն- գերատեսչություն համագործակցությունը:
Լրագրողները տեղում փորձարկեցին հրաձգարանի հնարավորությունները՝ մասնակցելով նախարարության կազմակերպած հրաձգության մրցույթին: Առաջին երեք պատվավոր հորիզոնականները զբաղեցնողները նախարարի կողմից պարգևատրվեցին հավաստագրերով և խորհրդանշական մեդալներով:
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը 2013 թվականից սկսել է իր ուսումնական կենտրոնի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող շենքի վերանորոգման (նաև վերակառուցման) աշխատանքները, որը նախատեսվում է ավարտել 2015 թվականի դեկտեմբերին:
2014 թվականից շահագործման են հանձնվել ուսումնական կենտրոնի նկուղային ու առաջին հարկերը, որտեղ ներկայում իրականացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հատուկ ծառայությունների ծառայողների (քրեակատարողական ծառայողներ և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողներ) վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացները:
Ուսումնական կենտրոնում առկա են ժամանակակից լսարաններ՝ համապատասխան գույքով և էլեկտրոնային գրատախտակներով, ունկնդիրների գիշերակացը կազմակերպելու համար նախատեսված կացարաններ, մարզադահլիճ, ճաշարան, հրաձգային վարժասարք, փակ հրաձգարան՝ ատրճանակով հրաձգություն անցկացնելու համար:
ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին