ԵԽԽՎ-ի իրավական հարցերով հանձնաժողովը դատապարտել է Սաֆարովի արտահանձնումը
ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ի իրավական հարցերի ու մարդու իրավունքների գծով հանձնաժողովը երեկ դատապարտել է Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու դեպքում Դատապարտյալների հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը՝ որպես «միջազգային հարաբերություններում բարեխղճության ու օրենքի գերակայության սկզբունքների խախտում»:
Հանձնաժողովն ընդգծել է, որ տվյալ կոնվենցիայի նպատակն առաջին հերթին մարդասիրական է՝ միտված հասարակությունում բանտարկյալների վերաինտեգրման ու վերականգնման հեռանկարների բարելավմանը:
Բանաձևի նախագիծն ընդունվել է Քրիստոֆեր Չոփեի (Մեծ Բրիտանիա) զեկույցի հիման վրա, որում մտահոգություն է հայտնվում, որ Սաֆարովին անհապաղ ազատ արձակելու համար արտահանձնման ժամանակ վկայակոչվել է կոնվենցիան: Ուշադրություն է հրավիրվում, որ Սաֆարովն Ադրբեջան վերադառնալուց հետո անմիջապես ազատ է արձակվել ու մեծ պատիվների արժանացել:
Բանաձևի տեքստում ընդգծվում է, որ կոնվենցիան նախատեսված չէ հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո բանտարկյալներին ազատ արձակելու համար: Դա ընդգծում է կոնվենցիան բարի կամքի ոգով գործածելու կարևորությունը, և որ դրա դրույթների խեղաթյուրումը կարող է հանգեցնել քաղաքական կամ դիվանագիտական հետևանքների:
Բանաձևի նախագիծը ԵԽԽՎ-ի քննարկմանը պետք է ներկայացվի 2014 թվականին: