Մանվել Գրիգորյան. Թող վաճառեն, հետո ադրբեջանցիք կիսելու են էդ տեխնիկան մեր հետ (տեսանյութ)
«Թող վաճառեն, Ադրբեջանը փող ունի, առնում ա, հետո ադրբեջանցիք կիսելու են էդ տեխնիկան մեր հետ»,- այսօր Սարդարապատի հուշահամալիրում Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 96-րդ տարեդարձին նվիրված միջոցառումից առաջ լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանը, երբ նրանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին տանկերի նոր խմբաքանակ վաճառելու փաստի մասին:
Գեներալ Մանվել Գրիգորյանը համոզված է, որ Հայաստանն այս անգամ չի կորցնելու իր անկախությունը. «Մանավանդ քո խաթր չենք կորցնի, տղա ջան»:
Արցախյան ազատամարտի մասնակից զորահրամանատարը համամիտ չէ երկրում բարոյահոգեբանական վիճակի և տրամադրությունների անկման տեսակետի հետ, քանի որ, ըստ նրա, աշխարհում երկրներ կան, որտեղ ավելի վատ տրամադրություններ են:
Նա չի հերքում, որ ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը ծանրացել է, բայց համաձայն չէ այն կարծիքի հետ, որ մարդիկ հացի խնդիր ունեն և հիասթափված են իշխանություններից: Վերջինններս, ըստ նրա, հավերժ չեն` ամեն մարդ կարող է առավելագույնը 10 տարի կառավարել:
«Դե նայած մարդ, օրինակ ես ոչ մեկից էլ հիասթափված չեմ: Թե դուք ումի՞ց եք հիասթափված, չեմ իմանում»,- ասաց գեներալը:
Միաժամանակ Մանվել Գրիգորյանը շեշտեց, որ երկրից բնակչության արտագաղթն ամենամտահոգիչ հարցերից է, սակայն, իր խոսքերով, հայ մարդու ամենամեծ խնդիրը Հայաստանի անկախությունը պահպանելն է և սերունդներին փոխանցելը:
168.am-ի հարցին, թե, իր կարծիքով, այսօր կա՞ սպառնալիք Հայաստանի Հանրապետության անկախությանը, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Դե որ սենց վերցնենք, Նոստրադամուսն էլ չի կարա պատասխանի: Ուկրաինայի պես երկիրն իրա սաղ տեխնիկան ծախեց սրան-նրան, մանավանդ Ադրբեջանին, բայց էսօր ընկել ա կռվի մեջ, տեխնիկա չունի: Էս մոլորակի վրա ոչ մեկ գարանտիա չունի, թե կռիվ կլինի, թե չի լինի: Մեզնից է կախված: Եթե մենք լավ լինենք, հզոր, միասնական լինենք, անկախությունը կպահենք: Եթե պառակտվեցինք, թուլացանք, իրար չհարգեցինք, միշտ վատը տեսանք, վատից խոսեցինք, հնարավոր է` վտանգներ լինեն: Մանվանդ այսօր մեր տարածաշրջանում չորս կողմից վտանգավոր հարևաններ են»:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում: