Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեք չի հանդիսանա բանակցությունների առարկա. Իլհամ Ալիև

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, երեկ ելույթ ունենալով Հանրապետության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ, անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին.

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի քննարկվում և երբեք չի հանդիսանա բանակցությունների առարկա: Հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ ԱԽ-ի 4 բանաձևերի հիման վրա: Այլ տարբերակ չկա: Հայաստանն այսուհետ նույնպես կմեկուսացվի տարածաշրջանային տնտեսական խնդիրներից:

Առաջիկա տարիներին մենք այնքան միջոցներ կհատկացնենք մեր ռազմական պոտենցիալի ուժեղացմանը, որքան որ անհրաժեշտ է, գնվում և գնվելու է ամենաժամանակակից տեխնիկա: Բանակաշինության ոլորտում բարեփոխումները մեծացնում են մեր մարտունակությունը»:

Հիշեցնենք, որ 1992-1996 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը ժամանակին հայտարարել է, որ ադրբեջանական կողմն ակնհայտորեն կեղծում է, երբ հայտարարում է, թե հայկական կողմը չի իրագործում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի 4 բանաձևերը.

«Բաքուն ինքը չի կատարել այդ բանաձևերից և ոչ մեկը՝ բացի հրադադարի կնքումից: Բաքուն ինքն է առաջինը ձախողել այդ բանաձևերի առանցքային դրույթները՝ հենվելով ուժի վրա և մեկ տարի շարունակ ձգձգելով ռազմական գործողությունների դադարեցումը, ինչը հետևանքով նա կորցնում էր շրջանը շրջանի հետևից: Արդյունքում, 1993 թվականի նոյեմբերի կեսերից սկսած՝ ՄԱԿ ԱԽ-ը դադարեց Ղարաբաղի վերաբերյալ բանաձևեր ընդունել»:

Տեսանյութեր

Լրահոս