
Օբաման կարող է ամերիկացի զինվորականներին թույլատրել մարզել սիրիացի ընդդիմադիրներին. The Wall Street Journal

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող է պաշտոնապես ամերիկացի զինվորականներին թույլատրել զբաղվել սիրիական ընդդիմության նախապատրաստմամբ, որը պայքար է մղում երկրի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ:
Այս մասին պարբերականին հայտնել է Օբամայի աշխատակազմում նրա աղբյուրը. «Նախագահը հստակ հասկացնել կտա, որ մտադիր է ընդլայնել մեր օգնությունը Սիրիայում ու նրան հարևան երկրներում տարվող գործողություններին: Հարևան երկրները հարկադրված են կարգավորել այն իրավիճակը, որը Սիրիայում ստեղծել է Ասադը»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օբաման մայիսի 28-ին Նյու Յորքի նահանգում ելույթ է ունենալու Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում ու շարադրելու է երկրի պաշտպանական քաղաքականության առաջնահերթությունները: