
Մասուդ Բարզանին սպառնում է անցկացնել անկախության մասին հանրաքվե

Al Jazeera Turk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է, որ ինքնավարությունը կարող է անցկացնել անկախության հանրաքվե:
Բարզանին դա բացատրել է նրանով, որ քրդերը համաձայն չեն Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի վարած քաղաքականության հետ և չեն մասնակցի Մալիքիի կառավարության ձևավորմանը:
Բարզանին հայտարարել է, որ եթե Մալիքին երրորդ անգամ ընտրվի Իրաքի վարչապետ, ապա Էրբիլը (քրդական ինքնավարության կենտրոն) կանցկացնի անկախության մասին հանրաքվե: Բարզանին հավելել է, որ Էրբիլը զրոյական մակարդակի կհասցնի Բաղդադի հետ հարաբերությունները:
Ապրիլի 30-ին Իրաքում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթել է Մալիքիի գլխավորած բլոկը: 328 պատգամավորից բաղկացած խորհրդարանը պետք է ընտրի երկրի նախագահին ու վարչապետին: