«Բուդաղյանը նպատակ է ունեցել վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին». մեղադրական եզրակացություն
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ 2013թ. հունիսի 1-ին հնչած կրակոցների գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Քրեական գործով միակ մեղադրյալ Արտակ Բուդաղյանի մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը ձևակերպված է հետևյալ կերպ. «Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013թ. ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը ժամը 23-ի սահմաններում ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող` Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին»: Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից:
Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել սպառնալիքներ տալու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մաս): Քրեական գործը մակագրվել է դատավոր Նապոլեոն Օհանյանին:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և նրա թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր 2013թ. սեպտեմբերի 9-ին: ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հաստատված էր համարել, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են: