Բաժիններ՝

Սկսնակ բիզնեսները հարկային արձակուրդ չեն ստանա

ՀՀ կառավարությունը մտադիր չէ հարկային արձակուրդ տրամադրել սկսնակ բիզնեսներին: Գործադիրի առաջիկա՝ մայիսի 29-ի նիստում նախատեսվում է բացասական եզրակացություն տալ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Բազմասեր Առաքելյանի և Վահան Կարապետյանի՝ օրենսդրական նախաձեռնությանը:

Նախագծով առաջարկվում է շրջանառության հարկ վճարողներին գործունեության առաջին երեք տարիներին ազատել առևտրական (առք ու վաճառքի), ինչպես նաև արտադրական գործունեությունից եկումուտների մասով շրջանառության հարկի վճարման պարտավորությունից:

Ըստ կառավարության պաշտոնյաների՝ միայն շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումն անընդունելի է՝ դրույքաչափի նվազեցումը պետք է կատարվի ձեռքբերումները պարտադիր փաստաթղթավորելու պահանջի ներդրմամբ: Տվյալ դեպքում, անընդունելի է նաև շրջանառության հարկ վճարողներին շրջանառության հարկի վճարումից ազատելը` առանց ձեռքբերումները պարտադիր փաստաթղթավորելու պահանջի ներդրման: Վերջինս անչափ կարևոր է, քանի որ, չինովնիկների կարծիքով, փաստաթղթավորման պարտադիր պահանջի բացակայությունը հանգեցնում է խոշոր բիզնեսի իրական շրջանառությունների քողարկմանը: «Այս առումով գտնում ենք, որ տնտեսությունում կատարվող գործարքների լիարժեք փաստաթղթավորման արդյունքում հնարավոր կլիներ ոչ միայն փոխհատուցել փոքր բիզնեսի կողմից վճարվող հարկերի նվազումը, այլև հարկման դաշտ բերել խոշոր բիզնեսի իրական շրջանառությունները»,- նշված է որոշման նախագծում:

Կառավարության մասնագետները գտնում են, որ ներկայացված նախագիծը հանգեցնում է պետական բյուջեի եկամուտների էական չարդարացված կորստի, քանի որ հիմնավորված չէ նախագծի ընդունման հիմնավորմամբ ներկայացված այն փաստարկը, համաձայն որի՝ առևտրական (առք ու վաճառքի) և արտադրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողներին շրջանառության հարկի վճարումից ազատելը կբերի նոր աշխատատեղերի ստեղծման և կապահովի եկամտային հարկի լրացուցիչ մուտքեր: Այս առումով, նրանք նշում են, որ շրջանառության հարկ վճարողների շուրջ 77 տոկոսը (շուրջ 38 հազար հարկ վճարողներ) հանդիսանում են անհատ ձեռնարկատերեր: Ակնհայտ է, որ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին շրջանառության հարկի վճարումից ազատելու դեպքում նոր աշխատատեղերի հաշվին եկամտային հարկի լրացուցիչ մուտքերով շրջանառության հարկի գծով մուտքերի նվազեցման փոխհատուցումը իրատեսական և հիմնավորված չէ: Նաև գտնում են, որ իրականությանը չի համապատասխանում նախագծի ընդունման հիմնավորմամբ բերված այն փաստարկը, որ շրջանառության հարկի ներդրմամբ պայմանավորված հանրապետությունում փակվել են շուրջ 4000 փոքր օբյեկտներ, տասնյակ հազարավոր տնտեսավարող սուբյեկտներ գործում են կամ վնասով, կամ ցածր շահութաբերությամբ:

«Նախ, հարկ ենք համարում նշել, որ բերված տվյալը գերազանցում է անգամ ընդհանրապես լուծարված սուբյեկտների քանակին: Ընդ որում, նույն 2013 թվականի ընթացքում պետական գրանցում են ստացել (ստեղծվել են) բազմաթիվ նոր տնտեսավարող սուբյեկտներ»,- ասվում է նախագծում ու միաժամանակ նշվում, որ, ընդհանուր առմամբ, շրջանառության հարկի ներդրմամբ պայմանավորված` հարկային բեռը համահունչ է մինչև շրջանառության հարկի ներդրումը ձևավորվող հարկային բեռի մակարդակին՝ հաշվի առնելով շրջանառության հարկ վճարողներին 11 տոկոս եկամտային հարկի պահումից և բյուջե վճարումից ազատելու, առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գրքեր չվարելու, հարկային հաշվառումը նկատելիորեն պարզեցնելու և հաշվառման ծախսերը կրճատելու հնարավորությունը, իսկ անհատ ձեռնարկատերերի համար նաև` 2013 թ. հունվարի 1-ից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով պայմանավորված` ամսական ընդամենը 5000 դրամ գումարի չափով եկամտային հարկի սահմանումը, որը միասնական հարկ է, իր մեջ ներառում է մինչև 2013 թ. հունվարի 1-ը գործող եկամտահարկը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները (այսինքն` 2013 թ. հունվարի 1-ից հետո անհատ ձեռնարկատերերի կողմից պարտադիր սոցիալական ապահովության վճարներ չեն կատարվում):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս