Էդուարդ Շարմազանովն ընդունել է Չեխիայի Մորավիան-Սիլեսիան երկրամասի նահանգապետին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 27-ին ընդունեց Չեխիայի Հանրապետության Մորավիան-Սիլեսիան երկրամասի նահանգապետ Միրոսլավ Նովակի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ արձանագրեց, որ հայ-չեխական քաղաքական, տնտեսական ու մշակութային արդյունավետ համագործակցությանը զուգահեռ զարգանում են նաեւ մարզերի միջեւ գործնական հարաբերությունները: Նա հույս հայտնեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չեխիա կատարած պետական այցի շրջանակներում ստորագրված միջպետական համաձայնագրի ընձեռած հնարավորությունները արդյունավետ կօգտագործվեն, եւ Արմավիրի մարզի ու Մորավիան-Սիլեսիան երկրամասի միջեւ սկիզբ առած տնտեսական փոխգործակցությունն ու բարեկամական կապերը շարունակական զարգացում կունենան:

Մորավիան-Սիլեսիան երկրամասի նահանգապետ Միրոսլավ Նովակը տեղեկացրեց, որ իրենց պատվիրակության կազմում ոչ միայն քաղաքական գործիչներ են, այլեւ գործարար աշխարհի ներկայացուցիչներ, նաեւ՝ ազգությամբ հայեր: Նրա գնահատմամբ՝ պատվիրակության նման կազմը, իրենց երկրամասի ու Արմավիրի մարզի ներկայացուցիչների ջերմ, անմիջական հարաբերություններն ու փոխադարձ հետաքրքրությունները վկայում են փոխգործակցության խոստումնալից հեռանկարի մասին:

Հանդիպման ժամանակ երկուստեք կարեւորեցին տեղական մարմինների տնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման գործոնը՝ որպես հայ-չեխական նոր մակարդակի հարաբերությունների հաստատման ու արդյունավետ համագործակցության կարեւոր պայման:

 

Տեսանյութեր

Լրահոս