Գորիսի քաղաքապետի՝ ինքնաբացարկ հայտնած թեկնածուները պատճառաբանություն չեն ներկայացրել

Հունիսի 8-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններում ինքնաբացարկ հայտնած երկու թեկնածուները պաշտոնապես որևէ պատճառաբանություն չեն ներկայացրել իրենց որոշման վերաբերյալ: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտնեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, նրանց պատշաճ կարգով ծանուցվել է հանձնաժողովի նիստի մասին, որտեղ կարող էին ներկայացնել իրենց հիմնավորումները, բայց թեկնածուները չեն եկել, միայն տեղեկացրել են, որ իրենց դիմումներում պատճառները նշել են: Սակայն, ըստ Մուկուչյանի, նրանց դիմումներում ոչ մի պատճառաբանություն նշված չէ:

Մուկուչյանի նշեց, որ ընտրական գործընթացի հետ կապված եթե որևէ բողոք, դիմում չկա, ԿԸՀ-ն չի կարող վարույթ իրականացնել:

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայտարարությունը, թե Գորիսում ընտրություններն ավարտված են, Տ.Մուկուչյանը հայտարարեց, որ ընտրապայքարն ընթանում է, անձինք, ովքեր մասնակցում են, կարող են իրենց մոտեցումները հայտնել, իսկ ընտրությունները կավարտվեն, երբ ամփոփովեն դրանց արդյունքները:

«Կարծիքի հետ կապված անգամ որևէ մեկնաբանություն անել չեմ ուզում, մեր կառույցն աշխատում է, որևէ կարծիք չի կարող ազդել»,- ասաց Տ.Մուկուչյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ համագումարի ժամանակ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողներին հայտարարել էր, թե Գորիսի ընտրություններն «արդեն ավարտված է համարում»։

Գորիսում նախապես առաջադրվել էին չորս թեկնածուներ, այժմ մնացել են երկուսը, որոնցից Վաչագան Ադունցը համարվում է Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալը։

Տեսանյութեր

Լրահոս