Սերժ Սարգսյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսի և Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի և Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ:
Ամենայն Հայոց Հայրապետի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի և Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքի հետ Նախագահը քննարկել է պետության և հայոց եկեղեցիների միջև հաստատված սերտ համագործակցությանը, ինչպես նաև Հայրենիքին և Սփյուռքին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայոց ազգային կյանքում Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հայապահպան կարևոր դերակատարությանն ու համահայկական խնդիրների լուծման գործում բոլոր Նվիրապետական Աթոռների, թեմերի և կառույցների ամենօրյա ջանքերին:
Կարևորվել է նաև Հայ Առաքելական և Հայ Կաթողիկե եկեղեցիների մասնակցությունը ՀՀ Նախագահի գլխավորությամբ գործող Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքներին, այդ ուղղությամբ և ընդհանրապես՝ համազգային կարևորագույն խնդիրների լուծման գործում հայոց եկեղեցիների կողմից Սփյուռքում, միջազգային ու միջեկեղեցական հարթակներում իրականացվող աշխատանքը:
Հանրապետության Նախագահը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ու Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ վերոնշյալից բացի քննարկել է սիրիական ճգնաժամի պատճառով այդ երկրում ծանր կացության մեջ հայտնված մեր հայրենակիցների ներկա վիճակի և նրանց ցուցաբերվող աջակցության հետ կապված հարցեր:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ ժողովրդի միասնականությունը աշխարհասփյուռ հայության բարօրության, ինչպես նաև հայության առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու կարևոր գրավական է, և այսուհետ ևս պետք է շարունակել ու առավել արդյունավետ դարձնել ջանքերի համադրումը ազգային խնդիրների լուծման ուղղությամբ:
ՀՀ Նախագահի աշխատակազմ