Անահիտ Բախշյան. Հովիկ Աբրահամյանը կարողանում է բոլորի հետ լեզու գտնել
«Հովիկ Աբրահամյանն, ի տարբերություն իր նախորդի, այո՛, տարբեր մարդկանց, հակառակ կուսակցությունների՝ ոչ ՀՀԿ-ական պատգամավորների հետ աշխատելու ձև ունի: Ինքը կարողանում է բոլորի հետ լեզու գտնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգութուն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը` խոսելով Հովիկ Աբրահամյանի՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ հնչեցրած հայտարարության մասին, թե ինքը կարողանում է ընդդիմության հետ համագործակցության եզրեր գտնել, ինչն իրեն հաջողվել է անել ԱԺ-ում:
Ա. Բախշյանի կարծիքով, սակայն, միայն լսելը լավ համագործացույուն չէ. «Նա լսում էր, բայց թե այդ լսելու արդյունքում ինչպե՞ս էր փոխում օրենքը, օրենքի որակը, կամ մեր պահանջներն ու առաջարկներն ինչքանո՞վ էին ընդունվում, ես բոլորովին բարձր չեմ գնահատում»:
Հովիկ Աբրահամյանը հարցազրույցի ժամանակ նաև հայտարարել է, թե չի ցանկանում 2018 թվականին առաջադրել իր թեկնածությունը: Նրա խոսքով՝ ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի ՀՀԿ-ն հաղթի, մեծամասնություն ունենա և ինքն էլ մնա վարչապետի պաշտոնում:
Հարցին, թե չե՞ք կարծում, որ Հովիկ Աբրահամյանի նման հայտարարության պատճառներից մեկն էլ այն է, որ այսօր Հայաստանում չկա լուրջ ընդդիմություն, այլ կան ոչ իշխանական ուժեր, որոնք իրենցից վտանգ չեն ներկայացնում իշխանությունների համար, Ա. Բախշյանն այսպես պատասխանեց. «Ոչ, չեմ կարծում, կատեգորիկ չեմ կարծում»:
Հարցին, թե այդ դեպքում ո՞րն է այդ վստահության պատճառը, Ա. Բախշյանը պատասխանեց. «Այդ վստահության ակունքներն այլ տեղ են, այդ վստահության ակունքներն ընտրական գործընթացը ամբողջությամբ վերահսկելու իրենց լծակների առատությունն է»: