Ադրբեջանում ստորագրվել է «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարի ընդլայնման մասին պայմանագիր
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Հարավկովկասյան խողովակաշար» ընկերությունը և «Շահ Դենիզ» կոնսորցիումն այսօր Բաքվում ստորագրել են «Հարավկովկասյան» խողովակաշարի («Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատար) ընդլայնման նախագծի մասին ևս մեկ հիմնական պայմանագիր:
Տվյալ փաստաթուղթն առնչվում է նախագծի շրջանակներում շինարարական աշխատանքների իրագործմանը: Ավելի վաղ ստորագրվել էր 14 համաձայնագիր, որոնք վկայում են, որ «Շահ Դենիզ 2» նախագիծն առաջ է ընթանում ըստ գրաֆիկի: Դրա հետ կապված՝ հիմնական պայմանագրերի մեծ մասը կնքվել է, Բաքվում արդեն իսկ սկսվել են շինարարական աշխատանքներ:
Հիշեցնենք, որ այս տարի Թուրքիայում մեկնարկելու է «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) կառուցումը, որի տարեկան թողունակությունը սկզբնական փուլում կազմելու է 16 միլիարդ խորանարդ մետր, ապա այն հասցվելու է մինչև 70 միլիարդ խորանարդ մետրի: TANAP գազատարով մատակարարվելու է «Շահ Դենիզ 2»-ի գազը, որը TANAP-ին հասցնելու համար անհրաժեշտ է ընդլայնել ԲԹԷ-ն: