Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրից հանվել է քաղաքական մասը. Օրդաբաև

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կազմման ժամանակ բոլոր երեք կողմերը (Ռուսաստան, Ղազախստան ու Բելառուս) հեռացել են փաստաթղթի քաղաքականացումից:

Այս մասին այսօր Աստանայում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի փոխարտգործնախարար Սամատ Օրդաբաևը. «Իսկ դա նշանակում է, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ողջ հիմնակմախքը մաքուր տնտեսական փոխգործակցությունն է:

Հենց Ղազախստանի հետևողական դիրքորոշման շնորհիվ պայմանագրից հանվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ընդհանուր քաղաքացիությունը, արտաքին քաղաքականությունը, միջխորհրդարանական համագործակցությունը, անձնագրային-վիզային ոլորտը, սահմանների ընդհանուր պահպանումը, արտահանման վերահսկումը և այլն»:

Դիվանագետը հավելել է, որ պայմանագրի ինստիտուցիոնալ մասի ու երեք դրույթից բացի, կողմերը համաձանեցրել են հավելյալ երկու փաստաթուղթ, որոնցից մեկն առնչվում է միջազգային գործունեություն ծավալելուն, իսկ երկրորդը՝ երրորդ երկրների հետ միջազգային պայմանագրեր պատրաստելու ու կնքելու կարգին:

Օրդաբաևի խոսքերով՝ այդ փաստաթղթերը հստակեցնում են Եվրասիական տնտեսական միության միջազգային ակտիվության սկզբունքները. «Միայն միության բարձրագույն մարմնի՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի համաձայնությամբ ու դրա մանդատով կարելի է մշակել ու կնքել միջազգային յուրաքանչյուր պայմանագիր»:

Տեսանյութեր

Լրահոս