
ՌԴ-ը հարգանքով է վերաբերվում Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքներին. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան հարգանքով է վերաբերվում Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքներին: Այս մասին այսօր Հարավային Սուդանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը.
«Ես հուսով եմ, որ Պյոտր Պորոշենկոն կկատարի իր նախընտրական խոստումը և կդադարեցնի երկրի արևելքում տարվող հատուկ գործողությունը: Հատուկ գործողության ակտիվ փուլի սկսելը վիթխարի սխալ էր:
Մենք նաև հուսով ենք, որ նոր նախագահը կանի ամեն ինչ՝ թույլ չտալու համար հարավ-արևելքի հանդեպ Կիևում արմատական ու ծայրահեղական տրամադրվածությունների տարածում»:
Լավրովը նաև ընդգծել է, որ երկրի նոր իշխանությունները պարտավոր են հաշվի առնել Ուկրաինայի քաղաքացիների բոլոր խմբերի շահերը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Պորոշենկոն խոստացել էր Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել երեք ամսում: