Թուրքիայի խոշոր քաղաքներում անցկացվել են ալևիների բողոքի ակցիաներ
Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ մայիսի 25-ին ողջ Թուրքիայում անցկացվել են հազարավոր ալևիների բողոքի ակցիաներ: Նրանք պահանջել են վերջ դնել երկրի ալևիական համայնքի հանդեպ խտրական վերաբերմունքին:
Ալևիների բողոքի ակցիաներն անցկացվել են Ստամբուլում, Անկարայում, Ադանայում, Իզմիրում ու Դիարբեքիրում: Ելույթ ունենալով Ստամբուլում ալևիների մշակութային ասոցիացիաների ղեկավար Դողան Դեմիրը դեմ է արտահայտվել երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի «բևեռացնող, վիրավորական ու բոցաշունչ» հայտարարություններին:
Բողոքի ակցիաներն անցկացվել են այն բանից հետո, ինչ մայիսի 23-ին Ստամբուլի Օքմեյդան շրջանում, որում առկա է ալևիական խոշոր համայնք, ցուցարարների ու ոստիկանների միջև բախումների ժամանակ զոհվել էր երկու մարդ: