Ինքնաթիռում բորտուղեկցորդուհիների հետույքներին հպված տղամարդն ազատվել է քրեական պատասխանատվությունից
Առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ Արարատի մարզի բնակիչն ազատվել է քրեական պատասխանատվությունից, և նրա նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրական միջոց՝ հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը:
Ըստ առաջին ատյանի դատարանի որոշման՝ նախաքննության ընթացքում տղամարդը ցուցմունք է տվել, որ Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան վերադառնալիս մեկնման սրահում նկատել է գանգրահեր մի աղջկա, որին մի քանի րոպե ուշադիր նայելուց հետո, հասկանալով, որ վերջինիս դուր չի գալիս իր ուշադիր նայելը, գնացել է մեկնման սրահի մյուս կողմ, որից հետո նստել է օդանավ` վերջին շարքերից մեկում:
Թռիչքի ընթացքում իր մոտ լկտի ցանկություններ են առաջացել՝ կապված բորտուղեկցորդուհիների հետ, և պատկերացնելով, որ վերջիններիս հետ սեռական հարաբերություն է ունենում, սկսել է օդանավի միջանցքով անցնող բորտուղեկցորդուհիների հետույքները ձեռքով շոյել, իր առջևի մասով հպվել նրանց, այդ կերպ փորձելով ավելի շատ հաճույք ստանալ: Նրա վարքագծի համար բորտուղեկցորդուհիները բազմաթիվ անգամ նկատողություն են արել և պահանջել, որ դադարեցնի իր լկտի վարքագիծը: Տղամարդը պատմել է, որ ինքը շարունակել է իր լկտի վարքագիծը, և ձեռքը տանելով գրպանը՝ զբաղվել ձեռնաշարժությամբ և այդ կերպ հանգստացրել իրեն:
Վայրէջքից մոտ 20 րոպե առաջ ինքը նկատել է, որ այն գանգրահեր աղջիկը, որին տեսել էր օդանավակայանում, օդանավի միջանցքով գնում է դեպի վերջնամաս` զուգարան: Ինքն անմիջապես վեր կենալով՝ գնացել է նրա հետևից, և ձևացնելով, թե իբր վերջինիս փորձում է օգնել բացել զուգարանի դուռը, իր առջևի մասով` սեռական օրգանով, սեղմվել է աղջկա հետույքին, որից հետո վերջինս շրջվելով իր կողմը՝ զայրացած տոնով հայտնել է, որ դուռը փակ է: Այդ ժամանակ, երբ ինքը հետ է քաշվել, մեկ անգամ էլ ձեռքով է հպվել աղջկա հետույքին, որից հետո վերջինս զայրացած տոնով հարցրել է իրեն, թե ինչ է անում, իսկ բորտուղեկցորդուհիները տեսնելով դա՝ աղջկան կանչել են իրենց մոտ, մինչև զուգարանն ազատվի:
Դրանից հետո ինքը մնացել է զուգարանի դռան մոտ կանգնած և սպասել, մինչև այն ազատվի, և աղջիկը փորձի մտնել զուգարան, և ինքն այդ ընթացքում կրկին ինչ-որ կերպ հպվի նրա հետույքին: Տղամարդը պատմել է, որ շուրջ մեկ րոպե անց զուգարանն ազատվել է, և տեսնելով դա՝ աղջիկն արագ մտել է զուգարան և ներսից դռան փականը փակել: Դրանից մի քանի րոպե անց ինքը՝ նկատելով, որ աղջիկը բացում է զուգարանի դռան փականը, դրսից կիսով չափ բացել է զուգարանի դուռը, մարմնի կեսով մտել զուգարան…
Այդ ժամանակ վերջինս ապտակել է իրեն, իսկ բորտուղեկցորդուհիները տեսնելով դա՝ իրեն զուգարանից դուրս են քաշել: Տղամարդը պատմել է, որ դրանից հետո աղջիկը գնացել նստել է իր տեղը, իսկ բորտուղեկցորդուհիները կրկին նկատողություն են արել իրեն և պահանջել, որ գնա նստի և մինչև վայրէջքը տեղից վեր չկենա: Ինքն առանց որևէ բան ասելու՝ նստել է իր տեղը, իսկ վայրէջքից հետո իրեն են մոտեցել Ոստիկանության աշխատակիցները և բերման ենթարկել Ոստիկանության բաժին:
Նախաքննության ընթացքում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել: Փորձաքննությամբ պարզվել է, որ տղամարդը տառապում է շիզոաֆեկտիվ խանգարում հոգեկան հիվանդությամբ: Փորձագետները նշել են, որ իրավախախտումը կատարելիս՝ փորձաքննվողը գտնվել է հոգեկան գործունեության կարճատև փսիխոտիկ խանգարված վիճակում, որը զրկել է նրան իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և դրանք ղեկավարելու հնարավորությունից:
Փորձաքննության համաձայն՝ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ տղամարդը ճանաչվել է անմեղսունակ: Փորձագետները նշել են, որ իր ներկա հոգեկան վիճակով նա կարող է մասնակցել դատաքննչական գործողություններին, կարիք ունի արտահիվանդանոցային հսկողության և հարկադիր բուժման հոգեբույժի մոտ:
Նախաքննության մարմնի որոշմամբ հարուցվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ:
Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ այդ արարքը կատարվել է տղամարդու կողմից անմեղսունակության վիճակում: Ուսումնասիրելով քրեական գործի նյութերը, մասնավորապես՝ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, դատարանը գտել է, որ տղամարդուն պետք է ազատել քրեական պատասխանատվությունից և պատժից, նրա նկատմամբ պետք է կիրառել բժշկական բնույթի հարկադրական միջոց՝ հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը:
Դատարանի որոշումը հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան: