Արտասահմանում պետք է հարգանք ցուցաբերեն թուրք ժողովրդի կատարած ընտրությանը. Էրդողան
France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հերքել է սեփական ոճով պետական ղեկավարման մասին Արևմուտքի երկրների քննադատությունները և գերմանական ԶԼՄ-ներին մեղադրել է վիրավորանքների մեջ:
Գերմանիա մեկնած Էրդողանը երեկ Քյոլնում հանդիպել է իր 15.000 կողմնակցի հետ և հայտարարել է, որ արտասահմանում պետք է հարգանք ցուցաբերեն թուրք ժողովրդի կատարած ընտրությանը: Նա նաև ընդգծել է, որ անհիմն են ցուցարարների դեմ թուրքական ոստիկանության կողմից կոշտ միջոցներ ձեռնարկելու մասին մեղադրանքները, քանի որ նա կանխել է ահաբեկչություններ:
Էրդողանի քննադատության թիրախում գտնվել են նաև գերմանական ԶԼՄ-ները: Էրդողանի կարծիքով` գերմանական ԶԼՄ-ները հրապարակել են իրեն վիրավորող նյութեր: Որպես օրինակ` Էրդողանը ներկայացրել է գերմանական թերթերից մեկին, որն իր նյութը վերնագրել էր հետևյալ կերպ «Թո’ղ գրողի ծոցը գնա Էրդողանը», ինչը հանդիսանում է թուրք հանքափորներից մեկի խոսքերը:
Էրդողանը վստահեցրել է, որ երկրի հանքարդյունաբերության ոլորտի խոշորագույն աղետի բոլոր պատասխանատուները կկրեն իրենց պատիժը: Իր ելույթում Էրդողանը կողմ է արտահայտվել գերմանաբնակ թուրքերի ինտեգրմանը, սակայն ոչ ձուլմանը:
Ամբոխը բղավել է «Թուրքիան հպարտանում է քեզանով», իսկ Էրդողանը հավաքվածներին փոխանցել է Թուրքիայի «77 միլիոն եղբայրների ողջույնները»: Քյոլնի հանդիպումն իրականացվել է Թուրքիայի նախագահի պաշտոնի համար պայքարում Էրդողանի նախընտրական քարոզչության շրջանակներում:
Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին: