Բաժիններ՝

ԵՄ-ի անդամ 28 երկրներից 21-ում անցկացվում են Եվրախորհրդարանի ընտրություններ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵՄ-ի անդամ երկրներում ավարտվում են 2014-2019 թվականների գումարման Եվրախորհրդարանի քառօրյա ընտրությունները, որոնք մեկնարկել են մայիսի 22-ին: Քվեարկությունը կավարտվի այսօր ժամը 22.00-ին (բրյուսելյան ժամանակով):

Այսօր ընտրություններ են անցկացվում ԵՄ-ի անդամ 28 երկրից 21-ում. Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Իսպանիա, Պորտուգալիա, Իտալիա, Հունաստան, Կիպրոս, Ավստրիա, Հունգարիա, Ռումինիա, Բուլղարիա, Սլովենիա, Խորվաթիա, Լեհաստան, Լիտվա, Էստոնիա, Շվեդիա, Դանիա ու Ֆինլանդիա:

Մայիսի 22-ին քվեարկությունն անցկացվել է Մեծ Բրիտանիայում ու Նիդերլանդներում, մայիսի 23-ին` Իռլանդիայում ու Չեխիայում, մայիսի 24-ին` Սլովակիայում, Լատվիայում, Մալթայում: ԵՄ-ի անդամ երկրները պետք է ընտրեն Եվրախորհրդարանի 751 պատգամավորի:

Տվյալ երկրի կողմից եվրապատգամավորների քանակի ընտրությունը կախված է նրա բնակչության քանակից: Օրինակ, գերմանացիներին բաժին է ընկել 96, ֆրանսիացիներին՝ 74, իտալացիներին ու բրիտանացիներին՝ 73-ական, իսպանացիներին՝ 54, լեհերին՝ 51 մանդատ: Ընդամենը 6-ական մանդատ ունեն Էստոնիան, Լյուքսեմբուրգը, Մալթան ու Կիպրոսը:

Եվրախորհրդարանն իրավունք ունի քվեարկության առաջին արդյունքները հրապարակել մայիսի 25-ին, ժամը 23.00-ից սկսած, երբ Իտալիայում կփակվեն ընտրատեղամասերը: Եվրախորհրդարանում նոր խմբակցությունների ձևավորումը պլանավորված է մինչև հունիսի վերջ, որպեսզի հուլիսի սկզբին անցկացվի նոր կազմով Եվրախորհրդարանի առաջին նիստը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս