
Սամցխե-Ջավախքով կանցնի Ասիան Եվրոպային կապող երկաթուղային միջանցքը. Գարիբաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ` Սամցխե Ջավախքի դիրքը երկրի առջև բացում է բացարձակապես նոր հեռանկարներ: Այս մասին Ախալցխայի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:
Նա ուշադրություն է հրավիրել Սամցխե-Ջավախքի տնտեսական հեռանկարներին. «Ես ուրախ եմ, որ այսօր գտնվում եմ այստեղ, այս պատմական հողում: Մենք` վրացիներս ու հայերս, համատեղ կանգնած և կառուցում ենք այս երկիրը, որով հպարտանալու են բոլորը:
Սամցխե-Ջավախքի դիրքը մեր երկրի առջև բացում է բացարձակապես նոր հեռանկարներ: Ներկայումս այստեղ իրականացվում են միջազգային նշանակության մեծ նախագծեր: Ներկայումս այստեղ գցվում են տարածաշրջանից աշխարհ տանող ամենակարճ ուղիները: Այստեղով կանցնի Ասիան Եվրոպային կապող երկաթուղային միջանցքը:
«Բաքու-Թբիլիսի-Կարս» նոր երկաթուղին վիթխարի նախագիծ է: Այն Սամցխե-Ջավախքին տալիս է զարգանալու մեծ հնարավորություն: Երկաթուղու բացվելով` կստեղծվեն ավելի շատ աշխատատեղեր:
Մենք կստանանք տարածաշրջանում Վրաստանի դերը մեծացնելու պատմական հնարավորություն: Դա կլինի շատ մեծ խթան` մեր երկրի տնտեսական աճի համար և մեծ հեռանկարներ կստեղծի մեր երկրի համար»: