Ռուսաստանը չունի ԽՍՀՄ-ի վերաստեղծման պլաններ. Պուտին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Սանկտ Պետերբուրգում հանդիպել է համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ:
Հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է, որ սխալ են այն պնդումները, թե Ռուսաստանը փորձում է իր ազդեցությունը հաստատել հետխորհրդային տիրույթում` դրանք որակելով որպես «տեղեկատվական պայքարի գործիք».
«Փորձում են մեզ վրա կպցնել այդ պիտակը, որ մենք պատրաստվում ենք վերականգնել կայսրությունը, Խորհրդային Միությունը, բոլորին ենթարկեցնել մեր ազդեցությանը: Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Մոտակա օրերին կստորագրվի Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը:
Նայե´ք այդ փաստաթղթին, պարզապես դրան նայեք փորձագետի հայացքով, նայե´ք ոչ կանխակալ ձևով: Ի՞նչ կա գրված այնտեղ կայսրության վերաստեղծման մասին: Ոչինչ, զրո: Բացառապես տնտեսական ոլորտում ջանքերի միավորվման մասին բաներ»: Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը երբեք չի ունեցել Ղրիմը վերամիավորելու պլաններ:
Պուտինի խոսքերով` Ռուսաստանը հետխորհրդային տիրույթում ձգտում է առաջ քաշել ինտեգրացիոն գործընթացներ ոչ թե նրա համար, որ վերականգնի ԽՍՀՄ-ը կամ որևէ այլ կայսրություն, այլ նրա համար, որ օգտագործի հետխորհրդային տիրույթում ստեղծված երկրների առկա մրցունակ առավելությունները, որոնք հենված են ընդհանուր լեզվի, ընդհանուր ենթակառուցվածքների ու ձեռնարկությունների միջև խոր համակարգման վրա: