Ուկրաինական ճգնաժամի ժամանակ Ադրբեջանը գործել է հակառուսական երկու խոշոր քայլ. Ստանիսլավ Տարասով
REX լրատվական գործակալության կայքում հրապարակվել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի «Ղրիմից հետո Ադրբեջանը կորցրել է իր գեոքաղաքական բոլոր առավելությունները» խորագրով հոդվածը, որը որոշակի կրճատումներով ներկայացվում է ստորև.
«Երբ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը պետական «ԱզերԹաջ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Արևմուտքին մեղադրեց Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու և կիևյան «մայդանի» ողբերգական գործընթացներին մասնակցելու մեջ, շատերին սկզբնական շրջանում թվաց, թե ադրբեջանական վերնախավը սկսել է արմատականորեն փոխել իր հայացքը ստեղծված գեոքաղաքական իրավիճակի ու երկրի ներքին իրավիճակի հանդեպ:
Մեհթիևը մեկնաբանել էր Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի խոսքերը, որ «կիևյան դեպքերից պետք է համապատասխան եզրակացություններ անել ու դասեր քաղել», և որ «Ադրբեջանն ինքը կարող է բախվել «մայդանի» էֆեկտին»:
Սակայն երբ Ադրբեջանի նախագահի նույն աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի պետ Ալի Հասանովը միաժամանակ հայտարարեց, որ «Մորնինգսթարի բազում արտահայտություններ հիշեցնում են այն սուբյեկտիվ պնդումները, որոնք արտացոլված են արտասահմանյան ՀԿ-ների հաշվետվություններում, որոնք բազում տարիներ Հայկական սփյուռքի ազդեցության ներքո աչքի են ընկել իրենց հակաադրբեջանական ազդեցությամբ», Բաքվի վարքագծում երևաց քաղաքական հնացած մոտեցումը:
Ակնհայտ է, որ Մորնինգսթարը, խոսելով Բաքվի «մայդանի» հնարավորության մասին, նկատի է ունեցել Ադրբեջանի իշխող շրջանակների կողմից ուղիղ բռնապետության մեթոդների կիրառումը, ինչը գաղափարական առումով քողարկվում է ազգային գաղափարի ներքո:
Բաքվեցի քաղաքագետ Զաֆար Գուլիևը պնդում է, որ Ուկրաինայի դեպքերը «փոխեցին Ղարաբաղյան հակամարտության քաղաքական ֆոնը և առաջացրին խնդրի լուծման ռիսկեր»` նկատի ունենալով «ղրիմյան նախադեպի վտանգավոր համատեքստից բխող ուղիղ ռիսկերն ու սպառնալիքները»:
Քաղաքագետը կարծում է, որ Մոսկվան «կարող է օգտագործել ղարաբաղյան գործոնը` Ադրբեջանում իրավիճակը կտրուկ վատթարացնելու համար, ինչպես նաև խաղարկել երկրի հյուսիսում լեզգիների, իսկ հարավում` թալիշների անջատողական սցենարները»:
Գուլիևը չի բացառում, որ «Ռուսաստանն Ադրբեջանի դեմ կարող է գործածել «ռուսներին հալածելու» խնդիրը, գնալ իր գործակալների օգտագործմամբ ներքին ճգնաժամեր հրահրելու սցենարների իրագործմանը` իշխանափոխության հասնելու համար, և ստեղծել խամաճիկային կառավարության` նպատակ հետապնդելով Ադրբեջանին հարկադրել հրաժարվել արևմտյան կուրսից, մտնել Մաքսային ու Եվրասիական միություններ և սեփական բոլոր քայլերը կոորդինացնել Ռուսաստանի հետ»:
Օրեր առաջ Newtimes.az լրատվական-վերլուծական պորտալը հրապարակեց ուշագրավ մեկ փաստաթղթի մանրամասներ, որոնց մի մասն արժանի է մեջբերման. «Ռուսաստանի հետ Ղրիմի միավորումը կարող է ճանապարհ հարթել Սևծովյան ավազանի ժամանակակից պատմության մեջ լուրջ փոփոխությունների:
Իրադարձությունների նման զարգացումը կարող է խթան հանդիսանալ Սև ծովում և նրա մերձակա տարածաշրջաններում աշխարհաքաղաքական խոշորամասշտաբ գործընթացների համար: Այսպես, էներգետիկ անվտանգության համակարգի ձևավորումը կարող է հայտնվել կատարելապես այլ հարթության վրա:
Անկասկած է, որ այս պահին առկա են աշխարհաքաղաքական մի շարք գործոններ, որոնք հետաքրքրում են Ադրբեջանին: Մոսկվայի կողմից Կասպյան ավազանից դեպի Եվրոպա փոխադրվող բոլոր էներգակիրները վերահսկողության տակ առնելը ստեղծում է կատարելապես այլ պատկեր:
Զավթելով Ղրիմը` Մոսկվան ուղիղ սպառնալիք է ստեղծում «Հարավային (գազային) միջանցք» նախագծի իրագործման համար: Հարցականի տակ է դրվում միջազգային նշանակության այնպիսի նախագծերի իրագործումը, ինչպիսիք են TANAP-ը («Անդրանատոլիական» գազատար) ու TAP-ը («Անդրադրիատիկ» գազատար): Այդ նոր իրավիճակի ֆոնին առաջ է գալիս նաև աշխարհի էներգետիկ անվտանգության հարցը»:
Ուկրաինական ճգնաժամի զարգացման ժամանակ Ադրբեջանը ձեռնարկել է սկզբունքային նշանակության երկու քայլ: ՄԱԿ-ում նա քվեարկել է Ղրիմի վերաբերյալ հակառուսական բանաձևի օգտին, իսկ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ էներգետիկ պատժամիջոցներ սահմանելու սպառնալիքների ժամանակաշրջանում նա սկսել է ներկայանալ որպես գրեթե «ԵՄ-ի էներգետիկ անվտանգության գլխավոր երաշխավոր»:
Այժմ այդ ամենը փլուզվում է, ինչը հաստատում է նաև ամերիկացի հանրահայտ քաղաքագետ Ջորջ Ֆրիդմանը, ով ոչ վաղ անցյալում հոդված է հրապարակել Stratfor ռեսուրսում: Նա գրում է.
«Այսօր Ադրբեջանում էներգետիկ արտադրությունը զանգվածային է, սակայն նա չի կարող փոխարինել Ռուսաստանում արդյունահանվող նավթին» և հաշվի առնելով, որ «Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղը շարունակում է մնալ կարևորագույն հարցերից մեկը, յուրաքանչյուր ազգ, ով գնում է Ադրբեջանի հետ միությանը, հարկադրված կլինի որոշակի դիրքորոշում զբաղեցնել սառեցված այդ հակամարտության հանդեպ, իսկ դա մեծ մասի համար բարձր գին է»:
Մի՞թե դա ուղիղ նախազգուշացում է, որ ԱՄՆ-ի համար Լեռնային Ղարաբաղը չափազանց բարձր գին է միության համար»: