100 տանկ Ադրբեջանին` ի պետս հայ-ռուսական բարեկամության

Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Բիրյուլինը հայտարարել է, թե ՌԴ-ն ավարտել է 100 հատ գ-90 գ տանկերի մատակարարումը Ադրբեջանին, և հնարավոր է` նույն քանակի նոր խմբաքանակի մատակարարումը Ադրբեջանին:

«100 տանկից բաղկացած ողջ խմբաքանակը մոտ մեկ ամիս առաջ արդեն ուղարկել ենք Ադրբեջան գԱյսօրվա դրությամբ մենք բոլորն ուղարկել ենք, ստացել ենք ամբողջ գումարը: Շարունակվում է աշխատանքը Ми -171 և Ми-35 ուղղաթիռների գծով: Ուղարկում ենք զրահամեքենաները, թեթև հրաձգային զենքերը, ականանետերը և հաուբիցները»,- ասել է ռուս պաշտոնյան:

Սա Ռուսաստանի հերթական մարտահրավերն է` ուղղված Հայաստանի իշխանություններին, ու ոչ միայն: Ամենևին ոչ այն իմաստով, որ մեր ռազմավարական դաշնակիցը տանկերի հերթական խմբաքանակն է ուղարկել մեր ռազմավարական թշնամուն ու ոգևորությամբ հայտարարում է առաքումները շարունակելու պատրաստակամության մասին: Դա կլիներ չափազանց պարզունակ:

Սա մարտահրավեր է ոչ թե Հայաստանի ռազմական ղեկավարությանն ու բանակի հրամանատարությանը, այլ տարբեր գերատեսչությունների, հաստիքային փորձագետների, ընդդիմադիր ու ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների տեքստերը գրող դպիրների, «տեխնոլոգների», «կրեատիվշիկների» համար:

Նրանք հիմա պետք է օգտագործեն հայոց լեզվի ողջ զինանոցն ու ճկունությունը` ապացուցելու համար, որ Ադրբեջանին տանկեր վաճառելը ոչ թե մեր հակառակորդին ուժեղացնելու, այլ հակառակը` թուլացնելու նպատակ ունի, որ դա, ինչպես Ադրբեջանին վաճառված զենքի նախորդ խմբաքանակները, բացառապես բիզնես է, որի միջոցով Ռուսաստանը «քամում է» Ադրբեջանի ռազմական բյուջեն:

Նրանք կարող են, ի դեպ, առաջնորդվել Միկոյանի արձանի համար պատվանդանի դեր ստանձնելու պատրաստակամություն հայտնողների տրամաբանությամբ` եթե չլիներ Միկոյանի իմաստնությունը, ապա նրա ստորագրությամբ կգնդակահարվեին ոչ թե մի քանի հարյուր կամ հազար, այլ դրա կրկնակի, քառակի թվով անմեղ հայեր:

Կարելի է, օրինակ, հայտարարել, որ եթե չլիներ հայ-ռուսական դարավոր բարեկամությունն ու բազմաթիվ այլ դարավոր բաներ, ՌԴ-ն Ադրբեջանին կվաճառեր ոչ թե 100, այլ 1100 տանկ: Իշխանության մխիթարանքը կարող է այն լինել, որ իրեն այդ գործում մենակ չեն թողնի ընդդիմադիրները:

Անգամ կարելի է Ռուսաստանի այդ քայլը փառաբանող տեքստերի մի քանի տասնյակ տարբերակներ գրել ու բաժանել ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, մասամբ` «Ժառանգության» կուսակտիվին` հարցազրույցներ տալու, հայտարարություններ անելու համար:

Զարմանալի զուգադիպությամբ, կամ գուցե օրինաչափորեն, ՀՀ իշխանությունների մարտավարությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում շատ նման է «Բարգավաճ Հայաստանի» նկատմամբ` ընդդիմադիրների, մասնավորապես` ՀԱԿ-ի մարտավարությանը:

Որքան ավելի շատ է ԲՀԿ-ն ծառայում իշխանությանը, այնքան ավելի խրոխտ ու խուճուճ ձևակերպումներով է Լևոն Տեր-Պետրոսյանը կամ որևէ այլ Լևոն հայտարարում, թե դա ԲՀԿ-ին իշխանությունից պոկելուն ուղղված հերթական հանճարեղ քայլն էր: Եվ ընդհանրապես Հայաստանի իշխանությունների հարաբերությունը Ռուսաստանի հետ գրեթե կրկնում է այն հարաբերությունները, որոնք առկա են նույն ՀՀ իշխանությունների և հայաստանյան ընդդիմության միջև:

Նրանք ծառայում են Ռուսաստանին մոտավորապես այնպես, ինչպես խորհրդարանական ընդդիմադիրներն ու ոչ իշխանականներն են ծառայում իրենց: Իբրև թե դեմ են Ռուսաստանի կողմից Հայաստանի շահերի ոտնահարմանը (այդպես հայտարարում են), սակայն ստորագրում ու վավերացնում են ցանկացած փաստաթուղթ, որ պետք է Ռուսաստանին:

Նույնն անում է ընդդիմությունը խորհրդարանում: Իբրև թե քննադատում է Հովիկ Աբրահամյանին, սակայն չի մասնակցում նրա ներկայացրած կառավարության ծրագրի քննարկմանը, որպեսզի Հովիկ Աբրահամյանի կենսագրության մեջ գրվի, որ նրա ղեկավարած կառավարության ծրագիրն ընդունվել է ընդամենը մեկ դեմ ձայնով: Քանի որ անգամ նախկինում եզակի ընդդիմադիրի համարում ունեցողներն են այլընտրանքային դարձել Հովիկ Աբրահամյանի նկատմամբ:

Այնպես որ, Հայաստանի իշխանությանն ու չիշխանությանը դժվար մարտահրավեր է նետված: Բայց պետք չէ կասկածել, որ նրանք այն կհաղթահարեն միասնական ու համախմբված «աշխատանքի» շնորհիվ: Նրանք բոլորը փոխադարձաբար ծառայում են միմյանց և, որ ավելի կարևոր է` ծառայում են Ռուսաստանին` միասնաբար:

Տեսանյութեր

Լրահոս