«Այսօր ժպիտը երեսիդ է. կթողնես մեր Վոլոդյային». նիստի մասնակիցը՝ դատարանին

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այժմ շարունակվում է Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը: Մինչ նիստի բացումը դատական նիստերի դահլճում ներկաներից մեկը՝ դիմելով դատարանին, ասաց. «Այսօր ժպիտը երեսիդ է. բաց կթողնես մեր Վոլոդյային»:

Դատավոր Լևոն Ավետիսյանն այսօր դատական նիստի ընթացքում հետաձգեց Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի միջնորդության քննարկումը: Նախորդ դատական նիստի ընթացքում Ա. Զաքարյանը միջնորդել էր վկաներ Վարդան Կարապետյանի, Հենրիկ Հարոյանի, Ծովինար Եղոյանի և Ծովինար Զաքարյանի ցուցմունքները անթույլատրելի ապացույցներ ճանաչել:

Փաստաբանը նշել էր, որ պաշտպանական կողմը պատշաճ հնարավորություն չի ունեցել նրան հարցեր ուղղելու, որով խախտվել է պաշտպանական կողմի իրավունքը:

Դատավորը գտավ, որ այս փուլում ապացույցների թույլատրելիության հարցը չպիտի քննարկվի, այդ միջնորդությանը պետք է անդրադառնալ ապացույցների գնահատման փուլում:

Դատական նիստի ընթացքում Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը միջնորդեց փոխել նրա խափանման միջոց կալանքը և այն փոխարինել այլ խափանման միջոցով, իսկ իր միջնորդությունը մերժելու դեպքում թույլատրելի ճանաչել գրավի կիրառումը:

Պաշտպանն ասաց, որ 2014թ. ապրիլի 4-ին դատական նիստի ընթացքում ինքը միջնորդել է փոխել Վ. Ավետիսյանի խափանման միջոց կալանքը, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը՝ նշելով, որ առկա է հիմնավոր կաsկած, որ ամբաստանյալը կատարել է իրեն մեղսագրվող արարքը, և ազատության մեջ գտնվելու դեպքում նա կարող է խոչընդոտել քննությանը՝ անօրինական ազդեցություն գործադրելով վկաների վրա:

Արա Զաքարյանն ասաց, որ դատարանում հարցաքննվել են բոլոր վկաները, իսկ այն վկաների ցուցմունքները, ովքեր Հայաստանում չեն, դատարանում հրապարակվել են: Փաստաբանն ասաց, որ անգամ տեսականորեն քննությանը խոչընդոտելու հնարավորություն չկա:

Արա Զաքարյանը դիմեց նաև դատախազին՝ նշելով, որ դատախազի դիրքորոշումից է կախված միջնորդության լուծումը, նա խնդրեց դատախազին չառարկել միջնորդության դեմ: Սակայն դատախազը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ դատարանը նշել է, որ եթե վկաները վերադառնան Հայաստան, ապա նրանք կարող են հարցաքննվել դատարանում: Արա Զաքարյանն էլ առարկեց, որ եթե վկան մեկ անգամ հարցաքննվել է, դա այլևս չի կարող արդարացնել անձին կալանքի տակ պահելը:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

 

Տեսանյութեր

Լրահոս