Եթե կառավարությունը քաղաքական կամք ունենար

Կառավարությունն իր նախորդ ծրագիրը կարող էր իրականացնել, եթե քաղաքական կամք ունենար: Այսօր ԱԺ նիստում «Ժառանգություն» խմբակցության անունից հայտարարեց դրա ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ նշելով, որ 2 մլրդ դոլարի շրջանառության ստվերային հատվածը պետք էր բերել հարկային դաշտ, որը չարվեց, նշված էր, որ պետք է պայքարել մենաշնորհների դեմ, իսկ դա նշանակում էր, որ փոքր ու միջին ձեռնարկությունների աշխատանքն ապահովելով աշխատատեղերի ստեղծումը կապահովվեր, բայց չարվեց, ու վերջին շրջանում 1500 մանր ու միջին ձեռնարկություններ փակվեցին ու աշխատանքային ռեսուրսն արտագաղթեց:

Ռ.Հակոբյանը մեջբերեց Հովիկ Աբրահամյանի խոսքը, որ առաջնորդվելու է Սինգապուրի օրինակով, ու հայտարարեց, որ եթե իսկապես Սինգապուրի հաջողությունը պայմանավորված է նրանով, որ եթե բարձրագույն իշխանությունը չի զբաղվում կոռուպցիայով, կառավարության որևէ անդամ ոտքը դուրս չի հանի նույն ծիրից, բայց ՀՀ կառավարությունն ինքն է օգտվում կոռուպցիայի հնարավորությունից, այսինքն՝ ոչինչ չի փոխվել:

Դիմելով Հովիկ Աբրահամյանին՝ Ռ.Հակոբյանը նշեց, որ նա մի լավ հատկություն ունի՝ անկաշկանդ է, բարդույթավորված չէ, ինչը շատ լավ է, բայց Աբրահամյանը եկել էր քառյակի նիստին, իսկ բովանդակային առաջարկ չէր բերել:

«Դուք ասում եք՝ եկեք միասին աշխատենք, բայց որևէ հնարավորություն չեք տալիս մեզ: Ցանկության տակ բովանդակություն պետք է ապահովեք»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա՝ «համակարգը վատն է, բայց ինձ հավատացեք» դիրքրոշումը վատն է: Ռ.Հակոբյանի բնորոշմամբ՝ գայլերը շարունակում են գայլություն ապահովել, իսկ գառներն էլ դուրս են եկել դաշտ, ուզում են օրապահիկն ապահովել:

«Դուք կամ շատ կարճ ժամանակում ինքներդ եք հրաժարական տալու, կամ էլ առավոտ զարթնելու եք, ասելու են՝ ինքնորոշվեց, հրաժարվեց»,- կանխատեսեց Ռ.Հակոբյանն ու հայտարարեց, որ քաղաքական 4 ուժերով որոշել են չմասնակցել կառավարության ծրագրի քվեարկությանը:

Տեսանյութեր

Լրահոս