Կուբայում գործարկվել է առաջին անկախ առցանց թերթը
ВВС News-ի փոխանցմամբ՝ հանրահայտ բլոգեր-այլակարծ Յոանի Սանչեսը Կուբայում գործարկել է այդ պետության պատմության մեջ առաջին անկախ ինտերնետային-պարբերականը: Ռեսուրսն անվանվել է 14ymedio: Օնլայն թերթի առաջին համարը թողարկվել է մայիսի 21-ին:
Սանչեսն ընդգծել է, որ թողարկվող նորությունները մշտապես չէ, որ համընկնելու են Կուբայի իշխանությունների պաշտոնական դիրքորոշման հետ: Սանչեսը նաև մանրամասնել է, թե որտեղից է ծագել նոր ԶԼՄ-ի անվանումը: Նա հայտարարել է, որ բնակվում է թիվ 14 բնակարանում, և բացի այդ, ներկայումս 2014 թվականն է:
Իսկ medio բառը իսպաներենից թարգմանաբար նշանակում է թե՛ «լրատվամիջոց», թե՛ «օբյեկտիվ դիրքորոշում»: Կուբայում բոլոր ԶԼՄ-ները՝ ներառյալ ազգային երեք թերթերը, գտնվում են կառավարության կոշտ վերահսկողության տակ: 14ymedio ռեսուրսը դարձավ առաջին բացառությունը: