Արտասահմանաբնակ եգիպտացիների 94.5 տոկոսն իր քվեն տվել է ալ-Սիսիի օգտին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արտերկրում անցկացված Եգիպտոսի նախագահական ընտրությունների արդյունքներով քվեների 94.5 տոկոսը հավաքել է ֆելդմարշալ Աբդել Ֆաթթահ-ալ-Սիսին:
Այս մասին երեկ Կահիրեում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եգիպտոսի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի ղեկավար Աբդել Ազիզ Սալմանը:
Արտասահմանաբնակ եգիպտացիների համար քվեարկությունն անցկացվել է մայիսի 15-19-ին: Սալմանի խոսքերով՝ ընտրություններին մասնակցելու ցուցանիշը գերազանցել է 50 տոկոսը: Գրանցված ընտրողների քանակը կազմել է 600.000-ից քիչ ավելի, որոնցից ընտրություններին մասնակցել է 318.825-ը:
Քվեարկության արդյունքներով՝ ալ-Սիսին իր միակ մրցակից Համդին Սաբահիին գերազանցել է գրեթե 280.000 քվեի տարբերությամբ: Պաշտպանության նախկին նախարարի օգտին քվեարկել է 296.628 եգիպտացի, իսկ Սաբահիի օգտին՝ 17.207 եգիպտացի:
Սալմանը հավելել է, որ անվավեր է ճանաչվել 4189 քվեաթերթիկ: Բուն Եգիպտոսում նախագահական ընտրություններն անցկացվելու են մայիսի 26-27-ին, դրանց արդյունքները հրապարակվելու են հունիսի սկզբին: