
Պուտինը չի բացառում, որ Օդեսայի իրադարձությունները կարող են կրկնվել

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ քանի դեռ արժանի գանահատական չի տրվել Օդեսայի դեպքերին, ապա հնարավոր է՝ դրանք կրկնվեն: Մայիսի 2-ին Օդեսայում «մայդանի» ու «հակամայդանի» ներկայացուցիչների միջև բախումների հետևանքով զոհվել է 48 և վիրավորվել է 214 մարդ:
Պուտինը մղձավանջ և սարսափ է որակել Օդեսայի դեպքերը, որոնք հեռարձակվել են հեռուստաալիքներով՝ կարևորելով դրանց օբյեկտիվ գնահատական տալը. «Միջազգային հանրությունը դեռ արժանի ադեկվատ գնահատական չի տվել դրանց, և եթե մենք չանենք դա, ապա հնարավոր է՝ կրկնվեն նման հանցանքները:
Պետք է անցկացնել մանրակրկիտ հետաքննություն, անպայմանորեն հայտնաբերել հանցագործներին: Մենք բոլորս պետք է ձգտենք հենց այդ արդյունքներին՝ նման մղձավանջի կրկնման հնարավորությունը բացառելու համար»: