ՌԴ-ի ներկայիս գործողությունները միանշանակ անդրադառնում են մեր անվտանգության վրա. Գարիբաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Բելգիայում Հարվարդյան ակումբում ունեցած ելույթում հայտարարել է, որ երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը, Վրաստանի կառավարությունը դատապարտեց դա.

«Ոմանք անգամ մոռացել են, որ Ռուսաստանը զավթել է Վրաստանի տարածքի 1/5-ը: Միանշանակ է, որ Ռուսաստանի ներկայիս գործողությունները անդրադառնում են մեր անվտանգության վրա: Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի Ռուսաստանի հետ, սակայն Վրաստանի կառավարությունը փորձում է կարգավորել բոլոր տարաձայնություններն ու կարգավորել հարաբերությունները»:

Գարիբաշվիլին հիշեցրել է, որ Վրաստանը վերացրել է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը և բացի այդ համաձայնվել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցությանը. «Չնայած մեր կառավարության կողմից առաջադեմ ու խաղաղ փորձերին՝ Մոսկվան վերստին շարունակում է սադրիչ գործողությունները՝ ներառյալ օկուպացիոն գծում լարափակոցներ անցկացնելը:

Մենք ակնկալում ենք Վրաստանի վրա Ռուսաստանի կողմից ճնշման փորձերի սրում, քանի որ Ռուսաստանը հրաժարվում է միանալ Վրաստանի հայտարարած ուժ չկիրառելու մասին պայմանին, որով և խախտում է ԵՄ-ի միջնորդությամբ ստորագրված հրադադարի մասին համաձայնագիրը: Չնայած այդ ամենին՝ մենք ԵՄ-ին վստահեցնում ենք, որ Վրաստանը տուրք չի տա ճնշմանը»:

Տեսանյութեր

Լրահոս