
Ռուս-չինական գազային պայմանագրի շրջանակներում ներդրումների ծավալը կկազմի ավելի քան 70 միլիարդ դոլար. Պուտին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի ու Չինաստանի միջև ստորագրված գազային պայմանագրի շրջանակներում ենթակառուցվածքներում կատարվելիք ներդրումների ծավալը կազմելու է ավելի քան 70 միլիարդ դոլար.
«Դա կհանդիսանա մոտակա 4 տարում աշխարհի խոշորագույն շինարարությունը: Միայն ռուսական կողմի ներդրումների ծավալը կազմելու է մոտ 55 միլիարդ դոլար: Կարծում եմ, որ չինական կողմի ներդրումներն էլ կկազմեն նվազագույն 20 միլիարդ դոլար, թեև այսօր մեզ համար դժվար է հաշվարկելը»:
Պուտինի խոսքերով՝ գազի գինը կապված է նավթի ու նավթամթերքի շուկայական գնին, ինչպես որ Եվրոպային մատակարարվելիք ռուսական գազի դեպքում է: Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ արևելյան երթուղով Չինաստանին գազի առաջին մատակարարումները կարող են սկսվել 4-6 տարի անց:
Ռուսական «Գազպրոմը» և չինական CNPC ընկերությունը 30 տարի ժամկետով գազային պայմանագիրն այսօր ստորագրել են Ռուսաստանի ու Չինաստանի նախագահների ներկայությամբ: