Ռաֆիկ Պետրոսյան. «Ուորլիքը լինի, թե ով էլ լինի, այդպիսի հայտարարությունները մենք չպետք է ընդունենք»
«Ղարաբաղյան հարցի սրումն իսկապես կապված է աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ անդամ Ռաֆիկ Պետրոսյանը: Ըստ նրա, այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ Հայաստանը Ուկրաինա չէ.
«Ուկրաինան շատ մեծ նշանակություն ունեցող, շատ հզոր պետություն է, մեծ տնտեսություն ունեցող երկիր է և Արևմուտքին իսկապես հետաքրքրում է, թե նա ո՞ր կողմում հանդես կգա: Բայց Հայաստանը փոքրիկ պետություն է, փոքրիկ տնտեսությամբ և որևէ վտանգ աշխարհի մեծերի համար չի ներկայացնում, հետևաբար, այդ սրումը ԱՄն-ին կամ Ռուսաստանին այդքան հետաքրքիր չէ:
Ուղղակի ԱՄՆ-ն իր ներկայացուցիչ Ուորլիքի միջոցով արտահայտեց իր քաղաքականության բովանդակությունը, որ ցույց տա, որ ինքն է աշխարհի տերը և ինքն է շարունակում լուծել հարցերն աշխարհում»:
Ռ. Պետրոսյանի գնահատմամբ, փորձը ցույց է տալիս, որ հենց այդ երեք ուժերից (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) մեկն ակտիվանում է, մյուսներն էլ են սկսում ակտիվանալ.
«Օլանդն անմիջապես հայատատարեց, որ Ֆրանսիան կուժեղացնի իր գործունեությունը և այլն: Ռուսաստանն անպայման հակադրեվելու է Ամերիկային: Եվ այս պրոցեսում, ես համաձայն եմ այն տեսակետի հետ, որ մենք պետք է մտածենք միայն հայավարի` Հայաստանի մասին, Հայաստանի շահերի օգտին: Ու Ուորլիքը լինի, թե ով էլ լինի, այդպիսի հայտարարությունները մենք չպետք է ընդունենք:
Այնտեղ այնպիսի կետեր կան, որոնք ուղղակիորեն հակասում են Հայաստանի և Ղարաբաղի շահերին: Օրինակ, սկզբում միջանկյալ կարգավիճակ տալ Ղարաբաղին, հետո վորջում որոշեն նրա վերջնական կարագավիճակը: Սրա հետ ես կտրականապես համաձայն չեմ»:
ՀՀԿ-ական պատգամավորը համաձայն չէ նաև, որ Լաչինի միջանցքն իբրև պետք է լինի, բայց ոչ ամբողջ շրջանով. «Մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ այսօր Ադրբեջանը ոչ միայն հարձակումներ է գործում Ղարաբաղյան սահմանամերձ շրջանների վրա, այլ նաև Հայաստանի ամբողջ սահամանի երկարությամբ: Եվ ասել, թե Լաչինի մի կտոր պետք է տալ Հայաստանին և դրանով հարցը ավարտել, ճիշտ չէ: Մեր անվտանգությունն իրապես ապահովելու համար, և´ Քելբաջարի, և´ Լաչինի ամբողջ շրջանները պետք է պարտադիր մնան մեզ»: