Սոս Գիմիշյան. Եթե այս իշխանության օրոք ես որևիցե տեղ ընդունվեմ, ապա իմացեք, որ իշխանությունն է այդպես որոշել
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ անդրադառնալով Գորիսի քաղաքաօետի առաջիկա ընտրություններին, ասաց, թե Հայաստանում ընտրությունները վաղուց վերածվել են շոուի. «Լինի թեկնածու, հակառակորդ՝ ի՞նչ նշանակություն ունի, մեկ է՝ հաղթելու է նա, ում կորոշի իշխանությունը: Եթե այս իշխանության օրոք ես որևիցե տեղ ընդունվեմ, ապա իմացեք, որ իշխանությունն է այդպես որոշել, ոչ իմ բարոյականը, ոչ իմ մտավորը, ոչ իմ մասնագիտականը նշանակություն չունեն»:
Ասուլիսի մյուս բանախոս ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը՝ հակադարձելով Ս. Գիմիշյանին` ասաց, թե կան նաև շատ պատգամավորներ, որոնք ընտրվում են իշխանությունների ցանկություններից դուրս.
«Մենք ունենք մոտավորապես 60 պատգամավոր, որոնք իշխանություններին չեն պատկանում, բայց ընտրվել են: Ունենք նաև իշխանությունների ցանկությանը հակառակ ընտրվածներ»:
Ս. Գիմիշյանի այն պահանջին, թե «օրինակ բերեք», Ռ. Պետրոսյանն ասաց. «Օրինակ, Լյովա Խաչատրյանը, իշխանություններին հակառակ էր, բայց ընտրվել է: Օրին՞ակ եք ուզում, խնդրեմ»:
Սակայն Սոս Գիմիշյանը դարձյալ հակադարձեց՝ ասելով, թե այլընտրանքն ու ընդդիմությունն էլ ընտրված են իշխանության կողմից, քանի որ Հայաստանում ընդհանրապես ընտրություն չկա: «Այն դարձել է միջոցառում, որը նշանակովի է՝ կաբինետներում է: 1996-ին ընտրություն էր՝ թերություններով, կեղծիքներով հանդերձ»:
«Իսկ Լյովա Խաչտրյանի բերելը բացառություն էր: Եթե մի հոգի բերում եք, ապա դա հաստատում է, որ կարգն ու կանոնը սա է: Դա ուրիշ ոչինչ չի նշանակում»,- ասաց Սոս Գիմիշյանը: