Բաժիններ՝

Հարկադիր աշխատանքը տարեկան բերում է 150 միլիարդ դոլարի ապօրինի շահույթ. զեկույց

ՄԱԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը ներկայացրել է «Շահույթ և աղքատություն. հարկադիր աշխատանքի էկոնոմիկա» նոր զեկույցը:

Դրանում նշված է, որ մասնավոր տնտեսությունում հարկադիր աշխատանքը տարեկան բերում է ավելի քան 150 միլիարդ դոլարի ապօրինի շահույթ, ինչը եռակի գերազանցում է կազմակերպության նախկին գնահատականները: Փորձագետները դա բացատրում են նրանով, որ բավական բարդ է ապօրինի եկամուտների մակարդակը հաշվարկելը:

Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը հայտարարել է, որ զեկույցը նոր մակարդակի է բերում մարդավաճառության ու ստրկացման մասին իրենց պատկերացումները: Բացի այդ, այս անգամ զեկույցն ընդգրկում է տնտեսության ավելի շատ ոլորտներ, քան նախորդ դեպքերում էր:

Ներկայիս զեկույցը, մասնավորապես, առնչվում է նաև տանը, շինարարությունում ու արդյունաբերական արտադրության մեջ հարկադիր աշխատանքներին: Զեկույցի համաձայն, հարկադիր աշխատանքի հաշվին տարեկան ստացված ավելի քան 150 միլիարդ դոլար անլեգալ շահույթի 2/3-ը՝ 99 միլիարդ դոլար, բաժին է ընկնում սեռական շահագործմանը:

Զեկույցում նշված է, որ հարկադիր աշխատանքի զոհերի կեսից ավելին կազմում են կանայք ու աղջիկները, որոնց գերազանցապես ներգրավում են կոմերցիոն սեռական շահագործման ու տնային աշխատանքներում, մինչդեռ տղամարդիկ ու տղաները հիմնականում ենթարկվում են գյուղատնտեսական, շինարարական ու հանքարդյունաբերական ոլորտներում հարկադիր աշխատանքի: 

Հետազոտության հեղինակները հարկադիր աշխատանքի հանգեցնելու տնտեսական հիմնական գործոնների թվում նշում են եկամուտների կտրուկ անկումն ու աղքատությունը: Կրթության անբավարար մակարդակը, անգրագիտությունը, գենդերային խնդիրներն ու ներգաղթն էլ ավելի են մեծացնում աշխատանքային շահագործման ռիսկը:

Փորձագետների խոսքերով՝ միջազգային հանրությունն ամբողջովին չի գիտակցում հարկադիր աշխատանքի խնդրի մասշտաբները և բավականաչափ ջանքեր չի գործադրում դրա դեմ պայքարելու համար: Կազմակերպության տվյալներով՝ ներկա դրությամբ հարկադիր աշխատանքներում ներգրավված է մոտ 21 միլիոն մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս