Բաժիններ՝

«Գիտեի, որ խոսելու են հետևիցս, բամբասեն». Չնայած կարծրատիպերին, միայնակ մայրերի թիվը գնալով աճում է. medialab.am

44-ամյա Ալլա Բաբայանը, ում այդպես էլ չէր հաջողվել ամուսնանալ եւ ընտանիք կազմել, մոտ մեկ տարի առաջ որոշեց արմատապես փոխել իր կյանքը եւ արհեստական բեղմնավորման միջոցով երեխա ունենալ: Այս մասին գրում է medialab.am-ը:

«Գիտեի, որ խոսելու են հետեւիցս, բամբասեն, քննադատեն, որ միանշանակ չի ընդունվելու որոշումս, բայց հիմա էլ ընտրության դեպքում, նույն որոշումը կկայացնեի,-«Մեդիալաբին» ասում է Բաբայանը,-տղայիս գոյությունը լրիվ փոխեց կյանքս ու ապրելուս իմաստը»:

Աշխատանքային միջավայրում Ալլայի որոշումը նորմալ ընդունվեց.

«Բոլորն էլ կիրթ ու գիտակից մարդիկ են, բժիշկներ,- ասում է Ալլան,- իսկ հարևան-բարեկամների շրջանում թեև սկզբում նկատում էի հետաքրքրասեր հայացքները, բայց նաև իմ պահվածքից էր, որ ոչ ոք չէր համարձակվում որևէ բան ասել, հաճախ մորս էին հարցուփորձ անում»,-պատմում է նա:

Չնայած հայ հասարակության մեջ արմատացած կարծրատիպային մոտեցումներին, մասնագետները պնդում են, որ վերջին տարիներին զգալի մեծացել է  արհեստական բեղմնավորման դիմող միայնակ կանանց թիվը:

«Եթե համեմատենք, ներկայում մեր սոցիումը իսկապես փոխվել է,- ասում է սոցիոլոգ Անահիտ Սահակյանը,-  չամուսնացած կանանց թիվը գնալով մեծանում է, եւ իրավիճակը նոր կանոններ է թելադրում:  Եթե տարիներ առաջ միայնակ մայրերին մատով էին ցույց տալիս, այսօր վերաբերմունքն էլ է փոխվել նրանց նկատմամբ»:

Սահակյանի տեսակետը հաստատում է նաեւ «Վիտրոմեդ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Քրիստինա Մելիքյանը:

«Արհեստական բեղմնավորման դիմողների թիվը նախորդ տարիների համեմատությամբ զգալի մեծացել է,- ասում է նա,-դիմողների 5-10%-ը կանայք են, ովքեր չունեն ամուսիններ, գրանցված ամուսնություններ, բայց ուզում են մայրանալ»:

Ըստ սոցիոլոգի, հայ իրականության մեջ այս միտումների մեծացման կարևոր պատճառներից մեկն էլ նաև արտագաղթն է.

«Արտագաղթը եւս մեծ դեր ունի,- նշում է նա-շատ կանայք մենակ են մնացել, ընտանիք ստեղծելու, զուգընկեր ունենալու հնարավորությունն է նվազել, որովհետև տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի` գրեթե անմիջապես բանակից գալուց հետո»:

Նա նշում է, որ այդ ամենին զուգահեռ, այլ փոփոխություններ էլ են տեղի ունեցել. կանայք սկսել են մեծ ուշադրություն դարձնել ուսմանը,մտածում են կարիերայի այլ ոչ թե ամուսնանալու եւ ընտանիք կազմելու մասին:

«Բայց գալիս է մի տարիք, երբ կինը գիտակցում է, որ այդ ամենը կարևոր չէր, արդեն կարևորվում է երեխա ունենալը, ու փորձում են ինչ եղանակով էլ լինի լրացնել այդ բացը»,- «Մեդիալաբին» ասում է հոգեբան Սոֆյա Վարդանյանը:

«Ավելի հաճախ դիմում են 40 և ավելի տարիք ունեցող միայնակ կանայք, որոնց մոտ արդեն իսկ հնարավորությունները շատ ցածր են, որովհետև գենետիկական փոփոխություններ են տեղի ունեցել ձվաբջիջներում, և հավանականությունը նրանց հղիության 5% է»,- ասում է Քրիստինա Մելիքյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս