Վարչապետ Աբրահամյանը խորհրդարանին նախապատրաստում է սեկվեստրի
Կառավարության ծրագրի՝ այսօր ԱԺ-ում սկսված քննարկումները կարծես թե այնքան էլ դրամատիկ չէին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանին, մի քանի բացառություններով, չեն մեղադրում և չեն քննադատում, ընդհակառակը՝ հույս են հայտնում լավ ապագայի, և ներկայացված ծրագրերի կատարման առումով: Բայց նույնը չի կարելի ասել վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասով: Իրեն ուղղված հարցերի պատասխաններում նա բավական հոռետեսական շեշտադրումներ էր անում հատկապես բյուջեի եկամտային մասի կատարման առումով:
Մասնավորապես՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով պատգամավորների՝ իրեն ուղղված հարցերին, մի քանի անգամ հայտարարեց, որ ինքը բյուջեի եկամտային մասի կատարման հետ կապված ռիսկեր է տեսնում:
«Բյուջեի եկամուտների հարցում ես ռիսկեր եմ տեսնում» կամ «Եկամուտների առումով ես ունեմ մտահոգություններ»,- սրանք Հովիկ Աբրահամյանի խոսքերն են:
Ի դեպ, նա այս արտահայտություններն արել է ամենևին ոչ ի պատասխան այն հարցերին, թե ինքը իրատեսակա՞ն է համարում բյուջեի եկամտային մասի կատարումը, թե՞ ոչ: Վարչապետը այս հայտարարություններն անում էր, երբ նրան հարցնում էին այս կամ այն ծրագիրը իրականացնելու կառավարության պատրաստակամության մասին:
Հովիկ Աբրահամյանի մտահոգությունները չէին կարող հենց այնպես ձևավորվել: Ինչպես ինքն է հաշվել, նա արդեն 35 օրվա վարչապետ է և հենց այդ 35 օրերի ընթացքում է նրա մոտ ձևավորվել այն մտահոգությունը, որ բյուջեի եկամտային մասը չի կատարվի. պարզ ասած, այն գումարը, որն ամրագրված է բյուջեի եկամտային մասում՝ չի հավաքվում: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ այն ծախսերը, որը պետք է կատարի կառավարությունը՝ չեն կարող կատարվել:
Հուլիսի 1-ի կառավարության ծախսերը զգալիորեն ավելանալու են, քանի որ հուլիսի 1-ից նախատեսված է քաղծառայողների և պետծառայողների աշխատավարձերի կտրուկ բարձրացում: Ինչպե՞ս է կառավարությունը կատարելու այդ ծախսերը, եթե եկամուտները չեն կատարվում:
Հնարավոր է, որ հենց այդ պատճառով է, որ Աբրահամյանը անընդհատ խոսում է բյուջեի եկամտային մասի նկատմամբ ունեցած իր մտահոգությունների և ռիսկերի մասին: Հնարավոր է, որ նա պատգամավորներին նախապատրաստում է ապագա սեկվեստրին, որի մասին համառորեն լուրեր են շրջանառվում իշխանությանը մոտ կանգնած տարբեր շրջանակներում:
Հովիկ Աբրահամյանը խորհրդարանին նախապատրաստում է սեկվեստրին կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ, որպեսզի հետո նրան չհանդիմանեն կամ չմեղադրեն, որ կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ մեծ-մեծ սարեր էր խոստանում, իսկ դրանից ընդամենը մեկ ամիս անց առաջարկում է կրճատել բյուջեի ծախսային մասը, ինչը նշանակում է չբարձրացնել աշխատավարձերը:
Նա կարող է ասել, որ ինքը դեռ ծրագրի քննարկման ժամանակ է ասել, որ կան մտահոգություններ և ռիսկեր, և պատգամավորներին նախապես է տեղյակ պահել դրա մասին:
Հետաքրքիր է, որ պատգամավորներից որևէ մեկը վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարց չուղղեց, թե որտեղի՞ց են առաջացել իր մտահոգությունները, և ի՞նչ չափով է բյուջեի կատարումը ռիսկի տակ, ի՞նչ ազդեցություն դա կունենա կառավարության ծրագրի իրականացման վրա: Բյուջեի քննարկումները շարունակվելու են նաև վաղը և մնում է սպասել՝ պատգամավորները այդ մասին հարցեր կուղղե՞ն Հովիկ Աբրահամյանին, թե՞ կշարունակեն բարեամղթանքներ հղել: